Ապրիլյան պատերազմին առնչվող «Եղնիկների կածանը» ֆիլմը` «Արմենիա TV»–ի եթերում
«Եղնիկների կածանը» միստիկական-ռազմական դրաման այսօրվանից կլինի «Արմենիա TV»–ի եթերում։ Այն կներկայացվի 15 մասով։ Ֆիլմն առչվում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին։
«Եղնիկների կածանում» խաղում են Խորեն Լևոնյանը, Աիդա Թորոսյանը, Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ջումբեր Կուկիելին, Արամ Կարախանյանը, Ռոզի Ավետիսովան, Ավո Ադամյանը, Ներսես Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արսեն Սաֆարյանը, Ալեքսանդր Պաշկովը, Մայիս Սարգսյանը։ Ֆիլմում առաջին անգամ խաղում է նաև Խորեն Լևոնյանի ավագ որդին` Արմենը:
Բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակները` Լևոն Գալստյանը, Գնել Նալբանդյանը և Հրաչ Քեշիշյանը։
«Եղնիկների կածանը» ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ծավալուն աշխատանք են արել։

«Ֆիլմը կիսով չափ հիմնված է իրական դեպքերի և պատերազմական իրադարձությունների վրա։ Այն հայ զինվորականի` օդաչուի մասին է։ Հիմքում իրական իրադարձություններ են, սակայն բոլոր կերպարները և հետագա զարգացումները հորինված են։ Այսինքն` հերոսների նախատիպերն իրական մարդիկ են, որոնց հետ հանդիպել ենք, հանդիպում ենք և շարունակում ենք աշխատել։ Ֆիլմը սկսվում է 2014 թվականին և ավարտվում է 2016–ի գարնան իրադարձություններով»,- պատմեց ռեժիսորը։
Ֆիլմն ունեցել է 46 նկարահանման օր։ Նկարահանվել է ավելի քան 75 տեղանք: Ֆիլմի տեսարանների համար Արագածի ստորոտին կառուցվել է քոչվորների բնակատեղի: «Չեմ վախենա ասել, որ աշխատել ենք լիամետրաժ ֆիլմի ռեժիմով և սկզբունքներով։ Սա սերիալ չէ, սա շատ բարդ ֆիլմ է։ Ունեցել ենք էքստրեմալ տեսարաններ ձմեռային Արագածում` ֆիլմի ստեղծագործական խումբը և տվյալ տեսարանում զբաղված դերասանները ոտքով հաղթահարել են ձյունապատ Արագածը՝ հասնելով մինչև 2000 մ բարձրության։ Ունեցել ենք պատերազմական և թռիչքային տեսարաններ։ Ֆիլմն ամբողջությամբ ուղեկցվում է թռիչքներով։ Ֆիլմի նկարահանումների համար կատարվել է ընդամենը 5 թռիչք, մնացյալը ստացվել է վիզուալ էֆեկտների միջոցով։ Օգտագործվել է բարձրակարգ անօդաչու նկարահանող դռոն, որը փոխանցել է ուղղաթիռի թռիչքի ամբողջ գեղեցկությունը»,– ասաց պրն Քեշեշյանը։




























