«Ես և Աննան ցույց ենք տալիս տարաձայնությունները, որոնք ունենում են զույգերը հարսանիքի պատրաստվելիս». Դավիթ Աղաջանյանն ու  Աննա Դովլաթյանը՝ նախահարսանեկան եռուզեռում

15:08 • 02.04.18

 

Հայկական շոու-բիզնեսի հայտնի սիրային զույգը շուտով հանդես կգա նաև որպես հաղորդավարական զույգ: Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը հեռուստադիտողներին կներկայանան «Prewedding» նոր հաղորդաշարում, որը կհեռարձակվի Շանթ» հեռուստաընկերությամբ:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթը մանրամասներ է պատմել նոր նախագծի մասին: «Prewedding»–ը  մի քանի էջերից բաղկացած հեռուստանախագիծ է: Այն պատմում է նախահարսանեկան պատրաստությունների ողջ գործընթացի մասին և կարող է ուղեցույց լինել բոլոր նորապսակների համար: Հարսի զգեստի ընտրությունից մինչև հարսանեկան արարողության կազմակերպում, Դավիթն ու Աննան օգնելու են հասկանալ` որտեղից սկսել ու ինչպես կյանքի ամենակարևոր օրը դարձնել հիշարժան:

 

«Մենք ցույց ենք տալիս բոլոր տարբերակները, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, հնարավորինս կրեատիվ դարձնել այն և  ավելի հեշտացնում ենք  նորապսակների գործը: Հաղորդումը ինչ–որ առումով նաև սիթքոմի ձևաչափում է, հումորային իրավիճակներ էլ են ներկայացվում»,- ասաց Դավիթը:

 

 

Հաղորդման նկարահանումներն արվել են հիմնականում  հասարակական վայրերում: «Ես և Աննան մեր միջոցով ցույց ենք տալիս նաև այն տարաձայնությունները, որոնք նախահարսանեկան պատրաստության ընթացքում զույգերն ունենում են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ երկրներում: Երբ, օրինակ, փեսան ասում է`  չարժե, հարսն ասում է` արժե անել այս կամ այն բանը: Մենք վիճում ենք, հետո դուրս ենք գալիս ժողովրդի շրջանում հարցում անում, թե մեզանից ո՞վ է ճիշտ»,– մանրամասնեց դերասանը։

 

Հաղորդման էջերից մեկն էլ կոչվում է «Հարսնահյուր», որի ընթացքում Աննան ու Դավիթը հյուրընկալում են հանրությանը հայտնի, արդեն ամուսնացած մարդկանց, որոնց համար անակնկալ են պատրաստում:  «Այդ էջի վերջում նաև վիկտորինա է լինում, որտեղ մեր հյուրի կողմից նվերը ստանում է  վիկտորինայի հարցին Ֆեյսբուքում ամենահումորային պատասխանը տված մասնակիցը»,-նշեց Դավիթը:

 

Ինչ վերաբերում է իրենց իրական հարսանիքին, Դավիթն ասաց, որ այդ թեմային անդրադառնալ դեռևս չեն ուզում։

 

 

Հաղորդման մեկ այլ էջում ներկայացվում են տարբեր ազգերի հարսանեկան ավանդույթները և խոսվում է այն մասին, թե հայկական ավանդույթներից կոնկրետ որին արժե կարևորություն տալ, որոնք են արդեն ոչ այնքան կիրառելի:

 

Դավթի խոսքով` հաղորդման բացումն արվել է կրեատիվ ձևով: Աննան հարսանեկան զգեստով է եղել: Առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, հաղորդման ստեղծագործական թիմը շուտով կանցնի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին:

 

 

Անահիտ Հակոբյան

«Ես և Աննան ցույց ենք տալիս տարաձայնությունները, որոնք ունենում են զույգերը հարսանիքի պատրաստվելիս». Դավիթ Աղաջանյանն ու  Աննա Դովլաթյանը՝ նախահարսանեկան եռուզեռում