«Մտածում էի` ինչպես է քայլելու, առօրյայում բարձրակրունկներ չի հագնում». Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին իրեն փորձել է մոդելային ասպարեզում
«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը` երգչուհի Մեգին, օրերս իրեն փորձել է նաև մոդելային ասպարեզում: «ArmMod fashion»-ի ցուցադրությանը Մեգին առաջին անգամ բեմ է բարձրացել որպես մանեքենուհի ու ցուցադրել երեք տարբեր ոճի հագուստ:
Իրինա Թովմասյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ դստերը մոդելային ասպարեզում տեսնելն իր վաղեմի ցանկությունն էր: «Հոգուս խորքում շատ էի սպասում, երբ է Մեգին հասակ առնելու և երբ է ցանկություն ունենալու հանդես գալ որպես մոդել: Երբ Ռուբինա Գրիգորյանն առաջարկեց փորձել Մեգիին այս ոլորտում, որովհետև ինքն էլ էր նկատել, որ Մեգին համապատասխանում է մոդելի բոլոր չափորոշիչներին` թե՛ հասակի, թե՛ նիհարիկության առումով, շատ ուրախացա։ Երբ Մեգիին ասացի այդ մասին ու տեսա նրա ոգևորությունը, հասկացա, որ իրոք ժամանակն է»,- նշեց Իրինան:
Մոդել մայրիկի գնահատականով` բեմում Մեգիի քայլվածքը եղել է բավականին ինքնավստահ և պրոֆեսիոնալ: Հարցին` արդյոք մոդել մայրիկի ու մորաքրոջ՝ Լուսինե Թովմասյանի գործոնը դեր է խաղացել Մեգիի ինքնավստահության հարցում, Իրինան դրական պատասխան տվեց, միաժամանակ նշեց. «Ինձ թվում է` ամեն ինչ խառված էր՝ և՛ իր ցանկությունը, ոգևորվածությունը, և՛ այն, որ նա այս ամենը տեսել է մեզնից, բեմին սովոր է: Եթե բեմին սովոր չլիներ, գուցե, կաշկանդվեր, հանգիստ չլիներ»:

Ցուցադրությունից առաջ Մեգին մայրիկից ու մորաքրոջից մասնագիտական խորհուրդներ չի հարցրել։ «Այնպես չէ, որ իմ աղջիկն է, դրա համար եմ ասում, բայց իսկապես պրոֆեսիոնալ քայլվածքով հանդես եկավ: Առօրյայում Մեգին բարձրակրունկներ չի հագնում, մտածում էի` ինչպես է կարողանալու քայլել, բայց այնքան լավ էր քայլում, այնքան ճիշտ հայացքով էր բեմում, որ ամեն ինչ արեց այնպես, ինչպես կաներ պրոֆեսիոնալ մանեքենուհին»,- ընդգծեց Իրինան:
Իրինան պատմեց, որ ցուցադրությունից երկու ժամ առաջ Մեգին ափսոսանք է հայտնել, որ տատիկը չի կարողանալու ներկա լինել, քանի որ վատառողջ է: «Ասաց, որ շատ հետաքրքիր է լինելու։ Սկզբում չհասկացա, հետո, երբ ցուցադրության ժամանակ իր վերջին մուտքը եղավ` սպիտակ զգեստով, հասկացա՝ ինչու էր այդքան ուզում տատիկի ներկայությունը: Իսկապես, շատ սիրուն էր: Հենց դրանով էլ արվեց ցուցադրության փակումը»,- նշեց Իրինան:





Անահիտ Հակոբյան







