Իրական ու հորինված կյանքի սահմանին. «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը` Տիկնիկային թատրոնի բեմում

14:19 • 06.04.18

 

Երիտասարդ ու հասուն ամուսնական զույգերի հանդիպումը մի բան խմելու և զրուցելու համար վերածվում է փոխհարաբերությունների պարզաբանման ու անսպասելի զարգացումներ առաջ բերող երեկոյի. ամերիկացի հայտնի դրամատուրգ Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» հանրահայտ պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը  մեկ ամիս առաջ է հանձնվել թատերասերների դատին:

 

Tert.am Life-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսիսյանն ասաց, որ բեմադրությունը դրամատիկական է ու նախատեսված մեծահասակների համար: Հանրահայտ ստեղծագործությունը բեմադրվել է աշխարհի տարբեր երկրներում: Իսկ հայ թատրոնում նման փորձ արվել է 70-ականներին՝ Մայր թատրոնի բեմում, բայց երկար կյանք չի ունեցել: Պիեսը նոր շնչով, դերասանական խաղով ու տեխնիկական հետաքրքիր լուծումներով այժմ բեմադրվել և ներկայացվում է Տիկնիկային թատրոնի բեմում:

 

 

«Հանդիսատեսը նստում է ոչ թե դահլիճում, այլ  բեմին, իսկ գործողությունները կատարվում են ներքևի մասում տեղակայված հարթակին, այսինքն` կարելի  է ասել, հանդիսատեսը ներկայացումը  դիտում է վերևից: Ներկայացման առաջին պահից մի խնդիր է բարձրացվում, որը լուծում է ստանում  ներկայացման վերջում։ Հանդիսատեսն անընդհատ ուզում է հասկանալ՝ ինչպես է լուծվելու խնդիրը, փորձում է գտնել իր պատասխանը, իսկ լուծումը բոլոր տարբերակներից ամենաանսպասելին է: Ամբողջ ընթացքում հանդիսատեսը լարված հետևում է, թե ինչպես է զարգանում իրադրությունը,  ինչի է վերածվում այդ երեկոն ու ինչ խնդիրներ են բացվում: Սյուժեն ունի նաև դետեկտիվ տարրեր»,- պատմեց ռեժիսորը:

 

Նրա խոսքով` փորձել են պիեսում շոշափվող խնդիրներից ընդգծել հատկապես նրանք, որոնք ավելի մոտ են մեր հասարակությանը. սա պատմություն է մեր կողմից հորինված ու իրական կյանքի միջև սահմանի,  այդ սահմանն անցնելուց հետո տեղի ունեցողի մասին:

 

«Իհարկե, ներկայացման նյութը ծանր է, որովհետև բարձրացվում են խնդիրներ, որոնք դու ունեցել ես քո իրականությունում, ընտանիքում, բայց այդ ամենը ներկայացվում է շատ թեթև, հումորով։ Եթե դիտարկենք, բոլորս էլ կյանքում ունենք հորինված մտքեր, հորինված հարաբերություններ, որոնք մեզ առաջ գնալու ուժ են տալիս, մենք դրանք սուտ չենք որակում: Կարելի է ասել, գործողություններն ընթանում են իրական ու մեր կողմից հորինած կյանքի սահմանին և ներկայացնում թե, ինչ է տեղի ունենում, երբ դու այդ սահմանն անցնում ես, երբ քո հորինած կերպարները սկսում են գալ քո իրականություն, ինչ կարող է առաջանալ  այդ բախումից»,- ասաց նա:

 

 

Ներկայացման դերասանական կազմում են Տաթևիկ Մելքոնյանը, Միկա Վաթինյանը, Լիանա Նիկողոսյանն ու  Ներսես Ավետիսյանը: Ռեժիսորի խոսքով` դերասանների ընտրության հարցում բծախնդիր է եղել և շեշտը դրել է դերասանական խաղի վրա:

 

«Ինչպես պիեսում, այնպես էլ ներկայացման մեջ չորս կերպար է հանդես գալիս, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթը: Չորսն էլ շատ հետաքրքիր են աշխատում, շատ տարբեր են, ինչի շնորհիվ ներկայացումն ունի ներքին լարվածություն: Հանդիսատեսի հետ երկխոսություն չկա, բայց դերասաններն ուշադրություն են դարձնում հանդիսատեսին, բեմն իրենց առանձին տարածքը չեն դարձնում: Ներկայացման մեջ զույգերը նաև  բազմաթիվ խաղեր են խաղում, և հանդիսատեսը, կարելի է  ասել, դառնում է մասնակիցներից մեկը: Հանդիսատեսից շատ ենք լսում, որ  ներկայացումը դիտելիս իրենց զգում են այդ տանը նստած ու թվում է՝ հիմա իրենց էլ խմիչք կառաջարկեն ու իրենք էլ կդառնան իրադարձությունների մասնակիցը»,- նշեց Սամսոն Մովսիսյանը:

 

Ռեժիսորը նկատեց, որ սպասելիքներն ու հանդիսատեսի արձագանքը ճիշտ այնպիսին էին, ինչպիսին իրենք պատկերացնում էին ներկայացումը բեմ բարձրացնելուց առաջ:

 

Անահիտ Հակոբյան

Իրական ու հորինված կյանքի սահմանին. «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը` Տիկնիկային թատրոնի բեմում