Վահե Ղազարյանի նոր ֆիլմաշարը Հայաստանում առկա սոցիալական խնդիրների մասին

16:51 • 09.04.18

 

«Արմենիա TV»-ի եթերում ապրիլի 14–ին` ժամը 20։45–ին, կմեկնարկի Վահե Ղազարյանի «Ճշմարտության հետքերով» վավերագրական ֆիլմաշարի ցուցադրությունը, որն ամեն շաբաթ վեր կհանի սոցիալական խնդիրներ։ Tert.am Life–ը նոր նախագծի մասին զրուցել է Վահեի հետ։ Վերջինս հայտնեց, որ առաջին հաղորդումը ինքնասպանությունների խնդրի, երկրորդը` մուրացկանության, երրորդը` ՃՏՊ–ների մասին է։

 

Թեև վերջին տարիներին Վահեն ներկայանում է «Սուր անկյան» շրջանակում, փաստավավերագրական ֆիլմեր նկարահանելը նրա համար նոր փորձառություն չի ենթադրում։ Տարիներ առաջ Վահեն զբաղվել է այս աշխատանքով։

 

Նախագծի մտահղացումը Վահե Ղազարյանինն ու ռեժիսոր Էլլա Լազարյանինն է, որը ևս փաստագրական ֆիլմեր նկարահանելու մեծ փորձ ունի: Վահեն նկատեց, որ աշխատում է պրոֆեսիոնալ թիմի հետ, որն ավելի քան 6 տարի զբաղվում է այդ խնդիրների վերաբերյալ վերլուծական ռեպորտաժներ պատրաստելով։

 

 

«Այս ընթացքում կուտակված տեղեկություններն ու գիտելիքները վստահություն են ներշնչում, որ դրված նպատակը կարող ենք հաջողությամբ իրագործել: Հասարակության օրակարգում առկա սոցիալական խնդիրների (աղքատություն, կոռուպցիա, գործազրկություն, արտագաղթ և այլն) լուծման պատասխանատու պետական և հասարակական մարմինները ոչ լիարժեք հասարակական ըմբռնողությամբ են պայմանավորում իրենց անբավարար ջանքերն այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ֆիլմաշարի նպատակն է կոտրել սոցիալական խնդիրների անլուծելիության մասին վախերն ու կարծրատիպերը և ոգևորել պետական ու հասարակական մարմիններին իրենց առաքելության կատարման և իրենց գործի հաջողության նկատմամբ։ Սոցիալական խնդիրների անբավարար հասարակական ըմբռնողությունը, երբեմն, հնարավորություն չի տալիս դիպուկ և արդյունավետ լուծումներ գտնել դրանց վերաբերյալ: Որպես առաջին քայլ` անհրաժեշտ է բավարար տեղեկատվություն տրամադրել այդ ցավոտ խնդիրների մասին»,– ասաց Վահեն։

 

Նա հավելեց, որ ֆիլմաշարը փորձելու է սոցիալական օրակարգային խնդիրների համակողմանի և փորձագիտական վերլուծության միջոցով տրամադրել ընդլայնված տեղեկատվություն այդ խնդիրների սոցիալ-մշակութային հիմքերի, պատճառների, լուծման ուղիների, միջազգային փորձի մասին:

 

 

Հաղորդավարը նկատեց, որ հայկական հեռուստաեթերում բազմաթիվ հաղորդումներ կան սոցիալական-մշակութային խնդիրների վերաբերյալ, սակայն դրանց ձևաչափը թույլ չի տալիս լիարժեք ծավալվել և բաց տեքստով խոսել այդ խնդիրերի մասին. «Փաստագրական ֆիլմը այդպիսի հնարավորություն ստեղծում է: Այստեղ հնարավոր է ծավալվել և տեղեկատվական-վերլուծական ֆորմատով, ինչպես նաև, բեմադրված դրվագների միջոցով քննարկվող խնդրի վերաբերյալ խորացված և գունեղ պատկերներ ստանալ»։

 

Այդ նախագծում Վահեն կարևորում է ոչ թե վարկանիշը, այլ խնդիրների բարձրացումը ու դրանք համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում պահելը։ «Այս թեմաներով փաստագրական, վավերագրական ֆիլմերը հիմնականում արժանանում են սոցիալական խնդիրների վերաբերյալ պրոֆեսիոնալ և սիրողական հետաքրքրություն ունեցողների ուշադրությանը: Այդ պատճառով որոշ ֆիլմերում ավելացրել ենք ժողովրդական լայն հետաքրքրություն առաջացնող պատկերներ և գնահատականներ: Մեզ ավելի շատ հետաքրքրում է ֆիլմաշարի վերաբերյալ թիրախային արձագանքը»,– եզրափակեց հեղինակը:

 

Վահե Ղազարյանի նոր ֆիլմաշարը Հայաստանում առկա սոցիալական խնդիրների մասին