«Առաջնեկիս ծնվելուց հետո 40 օր բուժքույր էր գալիս ու լողացնում իրեն, հիմա դրա կարիքը չենք ունենա». Արփին՝ երկրորդ անգամ մայրանալու մասին

17:40 • 11.04.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ  երգչուհի Արփիի և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքում այս տարի համալրում է սպասվում։ Այս անգամ Արփին արու զավակ է ունենալու: Tert.am Life-ը զրուցել է հղիության վերջին ամսում գտնվող երգչուհու հետ:

 

Արփին ասաց, որ տղայի համար դեռ անուն չեն ընտրել, մի քանի անվան շուրջ են մտածում: Նրա խոսքով` հղիության առաջին ամիսներին դժվարությամբ էր պատկերացնում, որ տղա երեխայի մայրիկ է դառնալու, բայց, աստիճանաբար, սկսում է պատկերացնել: «Քանի որ արդեն սկսել եմ որոշ հագուստներ ու իրեր գնել, քիչ–քիչ ինձ պատկերացնում եմ տղա երեխայի մայրիկի դերում, բայց, միևնույն է, խանութ մտնելիս էլի վազում եմ աղջկա իրերի հետևից, հետո վերադառնում տղայի  հագուստի բաժին:)  Մի տեսակ զգում եմ՝ ինչ–որ անփոխարինելի կապ է լինելու մոր և որդու միջև»,-ընդգծեց նա:

 

Արփիի դուստրը՝ Արևիկը, հուլիսին կդառնա արդեն 3 տարեկան: Փոքրիկը գիտի, որ եղբայր է ունենալու ու անհամբերությամբ սպասում է նրա ծննդին: «Առաջին հարցը, որ տալիս է այն է, թե որտեղ է քնելու եղբայրը։) Շատ վաղուց ենք սկսել տրամադրել իրեն, որ տանն էլի է փոքրիկ լինելու: Երբ համեմատում եմ իր տարիքի երեխաների հետ, հասկանում եմ,  Արևիկը չունի այդ խանդ ասվածը: Շատ ջերմ երեխա է և երբեք խանդ չի ցուցաբերել, նույնիսկ, երբ շրջապատում այլ երեխաների եմ գրկում, սիրում: Վստահ եմ, որ այս դեպքում էլ չի լինի, ինքը շատ սիրով սպասում է եղբոր ծննդին: Տեսնենք, ինչպես  կընդունի, իր առաջին արձագանքին ենք սպասում»,-ասաց Արփին:

 

 

Նա նշեց, որ առաջին և երկրորդ հղիության միջև տարբերություններ շատ կան, թեև երջանկության ու բերկրանքի զգացողությունները նույնն են, ֆիզիկական իմաստով այս անգամ Արփին այլ կերպ է տանում հղիության ընթացքը: «Արևիկի ժամանակ ավելի թեթև էի, մինչև վերջին օրերը երգել եմ, իսկ հիմա չեմ երգում, էներգիաս շատ շուտ է սպառվում: Իհարկե, երբ բեմում եմ, մոռանում եմ ամեն ինչ ու տրվում երգին, անդադար երգում եմ, բայց ինձ համար հիմա շատ դժվար է տրամադրվել: Երգելուց հետո էլ միանգամից սպառվում եմ»,-նշեց երգչուհին:

 

Նախապատրաստական փուլը մայրիկի համար այս անգամ այլ է: Արփին անկեղծացավ, որ աղջկա սպասելիս ավելի մանրամասն էր ամեն ինչին պատրաստվում։ Ասում է` գուցե, դա պայմանավորված էր երեխայի սեռով: «Առաջին երեխայի ծնվելիս շատ ես ընկնում թիթիզ բաների հետևից, իսկ երկրորդ անգամ հասկանում ես, որ կարևորը առողջ բալիկ ունենալն է։ Կարևորը` ամեն ինչ Աստծո կամքով լավ լինի: Հիմա ավելի շատ դա ես գնահատում, որովհետև հասկանում ես, որ մանր–մունր նախապատրաստությունները երկրորդական են»,-փաստեց նա: Արփին խոստովանեց, որ հիմա, որպես մայրիկ, փորձառու կլինի, քանի որ ավելի համարձակ է դարձել:

 

 

«Արևիկի ժամանակ 40 օր բուժքույր էր գալիս ու լողացնում իրեն, հիմա ընդհանրապես դրա կարիքը չենք ունենա, որովհետև արդեն պատկերացնում ես՝ ինչն ինչպես անել: Ճիշտ է, որոշ բաներ մոռանում ես, բայց մայրական, ծնողական բնազդը շատ հետաքրքիր բան է: Բնազդաբար, ամեն ինչ ստացվում է, դրա համար միշտ սիրում եմ ասել՝ ես, Աստված ու բնություն, դա շատ կարևոր տեղ է զբաղեցնում իմ կյանքում ու միշտ այդպես եմ առաջնորդվել բնությամբ, բնազդով, հիմա էլ այդպես կլինի»,-ասաց Արփին:

 

Երգչուհին նշեց նաև, որ հղիության ողջ ընթացքում իրեն քաջալերել են ամուսինն ու հարազատները, ինչը շատ է օգնում դրական տրամադրվել: «Ես այնքան բախտավոր ու երջանիկ եմ: Շատ հանգիստ եմ սպասում այդ պայծառ և լուսավոր  օրվան: Համոզված եմ, որ Աստված ինձ հետ կլինի և ամեն ինչ շատ լավ կլինի»,- եզրափակեց նա:

 

«Առաջնեկիս ծնվելուց հետո 40 օր բուժքույր էր գալիս ու լողացնում իրեն, հիմա դրա կարիքը չենք ունենա». Արփին՝ երկրորդ անգամ մայրանալու մասին