«Մանկական Նոր Ալիք 2018»-ին Հայաստանը կներկայացնի 9–ամյա Վարդան Մարգարյանը` Հրազդանից
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Գևորգ Հարությունյանը։ Հայտնի է նաև «Մանկական նոր ալիքի» հայ պատվիրակի անունը։ Նա 9-ամյա Վարդան Մարգարյանն է:
Tert.am Life-ի հետ զրույցում նրա պրոդյուսեր Դավիթ Բադալյանը պատմեց «Մանկական Նոր ալիք 2018»-ի հայաստանյան ներկայացուցչի եզրափակչում հայտնվելու և մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին:
Դավթի խոսքով` իրենք մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էին նաև նախորդ տարի, բայց եզրափակչում չէին հայտնվել: «Այն ժամանակ մեր մրցակիցն Անահիտ Ադամյանն էր: Նախորդ փորձից հետո մեկ տարի էլ աշխատեցինք Վարդանի հետ և որոշեցինք կրկին փորձել: Այս անգամ ստացվեց»,-ասաց Դավիթը՝ նշելով, որ այս տարի մրցույթին Հայաստանից մասնակցության հայտ ներկայացրել էին 4 կատարող, եզրափակչում հայտնվել է միայն Վարդանը։ Եզրափակչում մրցելու են 14 մասնակից:

Վարդանը լայն լսարանին հայտնի չէ: 9–ամյա տղան ապրում է Հրազդանում և պարբերաբար մասնակցում տեղի համերգային ծրագրերին: «Մանկական Նոր ալիք»-ը նրա բեմական առաջին լուրջ փորձն է լինելու: Դավիթ Բադալյանի և նրա հիմնած «Fancy Town» պրոդյուսերական կենտրոնի հետ Վարդանի համագործակցությունը սկսվել է մոտ մեկուկես տարի առաջ:
«Վարդանը պետք է հերթական համերգին ելույթ ունենար և եկել էր մեր ձայնագրման ստուդիայում մի քանի երգ ձայնագրելու: Այդ ժամանակ առաջարկեցի շարունակել համագործակցությունը, որովհետև այդ օրը նա փայլեց իր արտիստիզմով, զգացի, որ իր մեջ շատ կրակ ու եռանդ կա: Նա շատ արտիստիկ երեխա է, մենք շեշտը դնում ենք հենց դրա վրա»,- ասաց Դավիթը:
Նրա խոսքով` մրցութային երգերն առայժմ չեն ընտրել: Դրանցից մեկը պետք է լինի համաշխարհային, մյուսը՝ երկրի հիթ: «Ինչպես Մոսկվայում ժյուրին էլ նկատեց, Վարդանին ավելի շատ «փանք» ոճի երգերն են սազում, գուցե, նա կատարի ամերիկյան մուլտֆիլմի սաունդթրեք: Մենք շատ ենք ուզում, որ վերջերս լույս տեսած «Величайший шоумен» ֆիլմի երգերից մեկը կատարի, բայց դեռ կոնկրետ որոշում չկա: Կանգ կառնենք ուրախ երգի վրա կամ մյուզիքլից, կամ ֆիլմից: Եթե ուշադրություն դարձնեք, ամերիկյան կամ ֆրանսիական մանկական լուրջ նախագծերում ոչ ոք լացակումած երգեր չի երգում, որովհետև այդ էներգետիկան չարժե փոխանցել մյուս երեխաներին»,- ասաց Դավիթը:

Մայիսի 23-ից հունիսի 2-ը Հայաստանի մասնակիցն իր թիմով պետք է լինի Արտեկում՝ մասնակցելու գլխավոր համերգների փորձին։ Բուն համերգների օրերն առայժմ հայտնի չեն: «Վարդանի հետ աշխատող թիմը հիմնականում շատ մեծ չէ՝ 3-4 մարդ է: Ինձ հետ Սյուզաննա Խանզադյանն է, Վարդանի մայրն ու տատիկը նույնպես ակտիվ մասնակցում են նախապատրաստական աշխատանքներին»,-ասաց Դավիթը:
Նախորդ տարի Հայաստանը հաջողություն ունեցավ «Մանկական Նոր Ալիք»-ում` Անահիտ Ադամյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ հաղթանակը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովայի հետ։ Հարցին` դժվար չի՞ լինի պահել բարձր ցուցանիշը, Վարդանի պրոդյուսերը արձագանքեց, որ այս տարի էլ մրցույթում շատ ուժեղ մասնակիցներ կան. «Վարդանն աստղով երեխա է, իր մեջ ինչ-որ բան ունի, որով գրավում է մարդկանց: Դրան կգումարենք հետաքրքիր երգն ու լավ արդյունքի հնարավորություն կունենանք»:
Նա նաև նշեց, որ Վարդանի համար արդեն իսկ գրվել են նոր երգեր, որոնք կթողարկվեն մրցույթին մասնակցելուց հետո:
Անահիտ Հակոբյան







