Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ

00:39 • 09.05.18

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։  Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը ելույթ ունեցավ  16-րդ համարի ներքո։

 

Եզրափակիչ անցնելու համար պայքարեցին 19 երկիր։ Առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով եզրափակչում են Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։

 

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ: Սևակ Խանաղյանի հետ բեմում ելույթ ունեցան 5 բեք-վոկալիստ, որոնց անձամբ Սևակն է ընտրել։ Նրանք են՝ Մնաց Խանաղյանը, Սևակ Մուսախանյանը, Մոնիկա Մանուչարովան, Ջուլիետա Գրիգորյանը և Արևիկ Գրիգորյանը։ Սևակն առաջին անգամ մրցույթին ներկայացրեց ամբողջությամբ հայալեզու երգ` «Քամին»։

 

Մայիսի 10–ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ 12–ին` եզրափակիչը։

 

Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է All Aboard` «Բոլորս տախտակամածին» կարգախոսով, քանի որ Պորտուգալիան Եվրոպային աշխարհի հետ միացնում է օվկիանոսի միջոցով: Օվկիանոսի թեմայով պայմանավորված բացման արարողությանը մրցույթն այս տարի ունեցավ կապույտ գորգ` կարմիրի փոխարեն։