Աննա Թովմասյանի 31-ամյակի խնջույքն ու Արամեի անակնկալը

17:05 • 11.05.18

 

Երգիչ Արամեի կինը` երգչուհի Աննա Թովմասյան, երեկ երևանյան ակումբներից մեկում, տոնել է ծննդյան 31-ամյակը: Երգչուհին Tert.am Life-ին տրամադրել է տարեդարձի խնջույքից լուսանկարները և պատմել օրվա տպավորությունների, ամուսնու անակնկալի մասին:

 

«Միշտ չեմ սիրել նշել տարեդարձս, բայց վերջին երկու տարիներին նշում եմ, իհարկե, ոչ մեծ շուքով: Մշտապես նախընտրել եմ ծննդյանս օրն անցկացնել ընտանիքիս, հիմա` ամուսնուս հետ։ Սիրում եմ, երբ երկուսով ենք  ինչ-որ տեղ գնում նշելու,-ասաց երգչուհին և ավելացրեց, որ այս տարի Արամեն իր կողքին չէր, քանի որ շրջագայհության է։ –Առաջին անգամ չէ, որ Արամեն տարեդարձիս օրն այստեղ  չէ։ Որպես կանոն` նրա հյուրախաղերն ու համերգային շրջագայություններն  այս ամիսներին են լինում: Շատ քիչ է եղել, որ նա ծննդյանս օրը քաղաքում է եղել»:

 

Արամեի բացակայությունը, սակայն, լրացրել է նրա անակնկալը: Աննան պատմեց, որ ամուսինն իրեն վարդերի գեղեցիկ ծաղկեփունջ է ուղարկել: Իսկ կեսգիշերին ծննդյան առաջին շնորհավորանքը երգչուհին ստացել է մտերիմ ընկերուհու կողմից, ով իրենց տանն է եղել: Աննայի խոսքով` տարեդարձն այս տարի նշել է  հարազատների ու մտերիմ ընկերների հետ: Հայտնի հյուրեր խնջույքին ներկա չեն եղել:

 

 

«Քանի որ ընկերուհիներիս մեծամասնությունն ունեն բալիկներ և ամեն անգամ, երբ մենք բալիկներով էինք հավաքվում, չէինք կարողանում լիարժեք լիցքաթափվել և ուրախանալ, այս տարի որոշեցինք ծննդյանս օրը միայն աղջիկներով հավաքվել ու հաճելի ժամանակ անցկացնել,-ասաց նա և ավելացրեց, որ բազմաթիվ նվերներ է ստացել, որոնք դեռ չի հասցրել տեսնել։ –Երեկ, հենց տեղում, ստացա մի գեղեցիկ նվեր ընկերուհուս աղջկա կողմից: Նա ինձ վրացական պար նվիրեց, ինչը շատ հաճելի անակնկալ էր ինձ համար»:

 

Աննան տարեդարձի խնջույքին ներկայացել է սպիտակ զգեստով, որի հետ էլ համադրել է տոնական տորթը: Երգչուհին այս տարի տարեդարձը նշում է նոր կարգավիճակում ՝ որպես մայրիկ. «Որքան էլ ուզում էի լիցքափափվել և ուրախ ժամանակ անցկացնել, միևնույն է, ամեն վայրկյան, մտքով բալիկիս հետ էի: Մտածում էի՝ տեսնես հիմա ինչ է անում, պարբերաբար զանգահարում էի սկեսրոջս, նա ասում էր՝ երեխան շատ լավ է, դու հանգիստ նշիր ծնունդդ»:

 

Աննան նշեց նաև, որ ամեն տարիքում փորձում է լիարժեք ուրախանալ ծննդյան օրը, ոչ թե տխրել, որ մեծանում է։  «Իհարկե, երբ տարիքս եմ արձանագրում, զարմանում եմ, որ արդեն 30-ն անց եմ, քանի որ ես ինձ այնքան էլ այդ տարիքում չեմ զգում»,-եզրափակեց նա:

 

 

Աննա Թովմասյանի 31-ամյակի խնջույքն ու Արամեի անակնկալը