Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային նոր պրեմիերայի. նա կներկայացնի «Ախթամար» լեգենդը` սառույցի վրա

15:08 • 15.05.18

 

Նոյեմբերի 25-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի KINGS ON ICE «Սառույցի արքաները» հանրահայտ սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի երկրորդ հատվածում սառույցի վրա ներկայացվելու է սիրո մասին հայկական «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլը: Ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար Էդգար Հակոբյանը, ով հանդիսանում է սառցե մյուզիքլի երաժշտական պրոդյուսերներից մեկը, այսօր ժամանել է Հայաստան։

 

Սպասվող ներկայացման մանրամասները նա առաջինը պատմել է  Tert.am Life-ին: Էդգարը նշեց, որ Հայաստան չորսօրյա այցը պայմանավորված է ներկայացման նախապատրաստական աշխատանքներով և գործնական հանդիպումներով Հայաստանի սպորտի և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ:  

 

«Համերգային զբաղվածության պատճառով չէի կարողանում Հայաստան գալ: Վերջին անգամ նախորդ տարի եմ եղել Հայաստանում ՝ Հայկոյի մենահամերգին»,- ասաց Էդգարը, ով ջութակով նվագակցել է Հայկոյին` «Գարեգին Նժդեհ», «Երկրաշարժ» ֆիլմերի սաունդթրեքերիկատարման ժամանակ։

 

 

Մոսկվայում Էդգար Հակոբյանը հանդես է գալիս ոչ միայն որպես ջութակահար, այլև երաժշտական պրոդյուսերությամբ է զբաղվում: Նրա վերջին պրոդյուսերական աշխատանքներից մեկն օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի՝ «Ռուսլան և Լյուդմիլա» սառցե մյուզիքլն է եղել: Այս շրջանում երաժիշտը հիմնական զբաղվածությունն ու ուժերը կենտրոնացրել է Պլյուշչենկոյի մասնակցությամբ «Ախթամար» մյուզիքլի պրեմիերայի ուղղությամբ:

 

«Հայկական թեմայով երաժշտական ներկայացման առաջարկը Պլյուշչենկոյին արվել է նրա ներակայացուցիչ Արարատ Զաքարյանի կողմից, ով աշխարհում շատ հայտնի է որպես սպորտի բնագավառի ներկայացուցիչ, աշխատում է նաև այլ հայտնի մարզիկների հետ: Նման ձևաչափի ներկայացման իրագործումը, կարելի է ասել, իմ և Արարատ Զաքարյանի համատեղ մտահղացումն է,- ասաց Էդգարը՝ ավելացնելով, որ հայտնի գեղասահորդը հայկական թեմատիկայով հանդես գալու առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունել։ –Պլյուշչենկոյի համար, ով սպորտի և արվեստի մարդ է և շատ մեծ շոուներ է անում ոչ միայան ՌԴ–ում, այլև աշխարհի շատ երկներում, նոր  ձևաչափում հանդես գալը հետաքրքիր է: Ընդհանարպես, Պլյուշչենկոն շատ հայեցի է, այդ պատճառով հայկական ծագումով ամեն միտք հետաքրքիր է նրան և մեր մյուս ընկերներին»:

 

Էդգարը նշեց, որ «Ախթամար» լեգենդի համար երաժշտության մի մասն է գրվել, մյուս մասն աշխատանքային փուլում է: Թե ովքեր կլինեն մյուս երաժիշտները, բացահայտել առայժմ չցանկացավ՝ նշելով, որ հայ հանդիսատեսին, իսկապես, մեծ անակնկալներ են սպասվում սառցե տիրույթում:

 

 

«Աշխատանքներ են տարվում ոչ միայն ՌԴ–ում, այլև աշխարհի տարբեր երկրներից, օրինակ, Ճապոնիայից գեղասահորդների ներգրավելու ուղղությամբ: Քանի որ հիմա Հայաստանում Գեղասահքի ֆեդերացիայի կողմից մրցաշար է անցկացվում, մենք նաև այստեղ ժամանած մարզիկների շրջանում ընտրություն կկատարենք: Ընդհանրապես, Հայաստանի և Սփյուռքի մարդկանց կարողություններն ու պոտենցիալը շատ մեծ են, ուղղակի պայմանների բացակայության պատճառով մենք չենք կարողանում օգտագործել դա։ Կարծում եմ` հիմա ստեղծված է այդ հնարավորությունը՝ հայ գեղսահորդները պետք է, անպայման, ներգրավվեն նախագծում»,-ասաց նա:

 

Նախագծի պրոդյուսերը նշեց, որ նպատակ ունեն Հայաստանում «Ախթամար»-ի պրեմիերայից հետո այն ներկայացնել նաև այլ երկրներում. «Մեզ հարկավոր է մեր ունեցածը բացահայտել աշխարհին, համոզված եմ, որ հետաքրքիր կլինի: Հայկական շատ առասպելներ, հետաքրքիր պատմավեպեր կան, որոնք կարելի է աշխարհին ներկայացնել: Մենք ոչ միայն այս ներկայացմամբ, այլև այլ լծակներով ենք փորձում թե՛ հայկական բալետը, թե՛ երաժշտությունը՝ Խաչատրյանի, Բաբաջանյանի, Տիգրանյանի ստեղծագործությունները, ներկայացնել աշխարհում: Նոր կազմակերպություններ են հարկավոր թե՛ Սփյուռքում, թե՛ այստեղ, որոնք կզբաղվեն հայ մշակութային արժեքների տարածմամբ: Ես նկատի չունեմ ռեստորանային մշակույթը և այն, ինչ մեզ վերջին տարիներին մատուցում են «հայկականի» ներքո»:

 

 

Ջութակահարի խոսքով` ներկայացման հիմնական փորձերը կարվեն Մոսկվայում, իսկ պրեմիերայից առաջ Պլյուշչնեկոն, հավանաբար, Երևանում  հանդես կգա մամուլի ասուլիսով:

 

 Էդգար Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախագծի գլխավոր գործընկեր «Արարատ» լեգենդար կոնյակին անգնահատելի աջակցության համար: 

 

 

 

Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային նոր պրեմիերայի. նա կներկայացնի «Ախթամար» լեգենդը` սառույցի վրա