«Հայաստանն ունիկալ տեղ է ֆիլմեր նկարահանելու համար». Հայաստանում մեկնարկեց «Ռուսական ֆիլմերի շաբաթը»
Երեկ Մոսկվա կինոթատրոնում մեկնարկեց «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառումը, որին ներկա էին կինոգործիչներ Հայաստանից և Ռուսաստանից: Հանդիսավոր բացումը վարում էին դերասան Սամվել Թադևոսյանն ու ռուս դերասանուհի Իրինա Անտոնենկոն։ Մինչև այդ միջոցառման կազմակերպիչներն ու Ռուսաստանից ժամանած հյուրերը հանդիպեցին լրագրողների հետ։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման մանրամասները։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ռուսական ժամանակակից կինոյի գործիչները՝ Կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը, ռեժիսոր, պրոդյուսեր Վալերի Տոդորովսկին, ռեժիսոր Անտոն Մեգերդիչևը, ՌԴ նախագահի մշակույթի հարցերով խորհրդատու Վլադիմիր Տոլստոյը, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր պրոդյուսեր Կարեն Շահնազարովը, պրոդյուսեր Պյոտր Անուրովը, ռեժիսոր, վավերագրող Տատյանա Դանիլյանցը, պրոդյուսեր Նիկիտա Վլադիմիրովը, պրոդյուսեր Օլգա Անդրիանովան, ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի պրոդյուսեր Պոլինա Զուևան, դերասանուհի, «Միսս Ռուսաստան 2010» Իրինա Անտոնենկոն և այլք:

Միջոցառման շրջանակում կցուցադրվի տարբեր ժանրերի 12 լիամետրաժ ֆիլմ: Ռուսական գեղարվեստական նոր ֆիլմերի ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 20-ը: Ցուցադրությունները կկայանան Երևանում, Գյումիրում, Գառնիում: Կազմակերպիչները նախատեսում են, որ հատուկ իրադարձությունը լինելու է Большой ֆիլմի ցուցադրությունը՝ Գառնիի բաց հարթակում: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատարուհի Աննա Իսաևան:
«Ես իմ ամբողջ գիտակից կյանքն ապրել եմ իմ հայ ընկերների, դասընկերների, շրջապատի կողքին: Հիմա, վերջապես, իրենց հայրենիքում եմ: Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանն այնտեղ է, որտեղ ես ապրում եմ, պարզվում է Հայաստանն այստեղ է։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ հնարավորություն ունեմ շատ բան տեսնել և զգալ»,– ասաց Տոդորովսկին ու կարծիք հայտնեց, որ ռուսական կինոն հիմա հաջող ժամանակաշրջան է ապրում:
Տոդորովսկին, ով ներկայանում է ոչ միայն որպես ռեժիսոր, այլև պրոդյուսեր, նկատեց, որ պրոդյուսեր լինելու համար պետք է ուրիշի գաղափարը սիրելու ունակություն ունենալ։ «Այնպես է ստացվել, որ ես կարողանում եմ սիրել և՛ իմ, և՛ ուրիշների աշխատանքները, այդ իսկ պատճառով զբաղվում եմ ոչ միայն իմ, այլև այլ ֆիլմերի պրոդյուսինգով,– ասաց նա, ապա նկատեց, որ երբեք նորից չի նայում իր ֆիլմերը։ –Ֆիլմի պատրաստ լինելուց հետո ես կորցնում եմ դրա հանդեպ հետաքրքրությունը։ Ինչ վերաբերում է շտկումներին, ես գիտեմ ինչ եմ նկարահանել։ Դրա համար նորից նայելու կարիք չկա»։

«Շարմ Հոլդինգի» գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է. «Մեզ համար շատ կարևոր է ռուսական կինոյի ներկայացուցիչների հետ համագործակցությունը: Ռուսաստանի կինոյի ներկայացուցիչներն այսօր Երևանում են և հուսով եմ հայ հանդիսատեսին հետաքրքիր կլինի։ Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են անվճար։ Հուսով եմ, որ սա կլինի ոչ միայն ֆիլմերի ցուցադրության, այլև համատեղ նախագծերի մեկնարկի հարթակ և հաջորդ հանդիպումների ժամանակ կխոսենք ոչ միայն ռուսական ֆիլմերի, այլև համագործակցությունների մասին»։
Պրոդյուսեր Ռաֆայել Միխայլովիչն էլ նշեց, որ իր համար լավ հնարավորություն էր կրկին հայրենիք գալու համար։ «Հայկական կինոն լավ հեռանկարներ ունի: Հայ կինոյի պատմության մեջ կան գլուխգործոցներ` «Տղամարդիկ», «Բարև, ես եմ» և այլ ֆիլմեր, որոնք ստեղծում են մեր ոսկե ֆոնդը: Հայաստանն ունիկալ տեղ է ֆիլմերի նկարահանման համար, բավականին կոմպակտ տարածք է, որտեղ ամեն ինչ կա՝ սարեր, անտառներ, քաղաք։ Կա նաև մասնագիտական հրաշալի սպասարկում, որը կարող են ապահովել ոլորտի պրոֆեսիոնալ և տաղանդավոր մարդիկ: Առհասարակ, միշտ մեծ ուրախություն է գալ Հայաստան, այստեղ ջերմ է, համեղ, բարի չկա անտարբերություն,– ասաց նա ու հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն: –Հայաստանում ֆենոմենալ փոփոխություններ են։ Ես հուսով եմ, որ դա կանդրադառնա բոլոր ոլորտների, այդ թվում` կինոյի վրա»:











