«Բոլորս ոգևորված աշխատում ենք». Լուիզա Ներսիսյանը նորություն ունի

16:11 • 19.05.18

 

Մայիսի 31-ին «Բոհեմ» թատրոնում տեղի կունենա իրանահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի՝ «Hotel Կալիֆորնիա» ներկայացման պրեմիերան: Ներկայացման դերասանական կազմում ընդգրկված են Լուիզա Ներսիսյանը, Արեն Սաֆարյանը, Թամարա Պետրոսյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը:

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պատմել է նոր աշխատանքում իր դերակատարման մասին:

 

Լուիզան նշեց, որ սա իր առաջին համագործակցությունը չէ իրանահայ ռեժիսորի հետ. «Փետրվարին, երբ ես և Թամարա Պետրոսյանը մեկնել էինք Թեհրան, տեղի դերասանների հետ Սեդրակի բեմադրած մի ներկայացման մեջ խաղացինք, որը կոչվում էր «Խառը դոլմա»: Հետո նա եկավ Հայաստան ու որոշեց, որ այստեղ երկրորդ ներկայացումն անենք միասին»:

 

 

Ինչպես նախորդ, այնպես էլ «Hotel Կալիֆորնիա» ներկայացման սցենարի հեղինակը Արմեն Վարդանյանն է: Լուիզան ներկայացումը բնորոշեց որպես «սրտաճմլիկ» կատակերգության: Դերասանուհին նշեց, որ ներկայացման մեջ բազմաթիվ սոցիալական խնդիրների մասին է բարձրաձայնում մեր իրականությունից մեկ ընտանիքի օրինակով: Դերասանուհու խոսքով՝ շոշափվում է արտագաղթի խնդիրը, քանի որ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով ձգտում է հեռանալ երկրից։

 

«Իրանահայ ամուսնու և նրա հայաստանցի կնոջ պատմությունն է: Քանի որ իրանահայ ամուսինն արդեն գիտի՝ ինչ բան է օտարության մեջ ապրելը, իրենց մոտ հայապահպանության խնդիրն ավելի սուր է դրված, ուզում է իր արմատները հայրենի հողում գցել, իսկ նրա կինը, ով երգչուհի է, ձգտում է գնալ մեկ այլ երկիր՝ ԱՄՆ, իր փայլուն երազանքի հետևից, ինչպես շատ երևանցի աղջիկներ։ Միաժամանակ, նա ուզում է պահպանել ընտանիքը: Կոնֆիլկտը հենց այստեղ է»,- ասաց Լուիզան, ով և մարմնավորում է իրանահայի կնոջ կերպարը, իսկ նրա ամուսնու դերում հանդես է գալիս իրանահայ դերասան Արեն Սաֆարյանը:

 

 

Դերասանուհին նշեց, որ ներկայացման մեջ սյուժետային այլ գծեր էլ են բացվում, օրինակ, կապված հարևանուհու հետ, ով միջնորդ է, սիրում է գումար աշխատել ուրիշի դժբախտության հաշվին, այլ կերպարներ ևս առաջ են գալիս. «Ամբողջ խնդիրը սկսում է նրանից, որ իրանահայ ամուսինը պատռում է անձնագիրն ու գցում զուգարանը: Հետո գալիս է համապատասխան մասնագետ, որ խցանումը բացի, բայց փոխարենը սկսում է խառնվել ընտանիքի ներքին գործերին ու սկսում խորհուրդներ տալ նրանց, որովհետև հասկանում է, որ ալեգորիկ կերպով ասած՝ այնտեղ կան շատ ավելի մեծ կեղտեր, որոնք պետք է մաքրել»,- ասաց Լուիզան:

 

Դերասանուհին նշեց, որ թեև դերասաններից յուրաքանչյուրի հետ աշխատել է տարբեր նախագծերում, այս ռեժիսորի հետ այս թիմով առաջին անգամ է ներկայանում: Լուիզան ասաց, որ իր համար միշտ հետաքրքիր է ստանալ նոր առաջարկներ:

 

 

«Յուրաքանչյուր նոր առաջարկի դեպքում սկսում ես զրոյից աշխատել, նույն ոգևորությամբ։ Թե ինչպես կստացվի այս անգամ, պրեմիերայից հետո կհասկանանք, հանդիսատեսի հետ շփման ժամանակ: Նախօրոք կանխատեսումներ չենք անում: Դերասանների մասով կարող եմ ասել, որ մենք բոլորս ոգևորված աշխատում ենք, տեսնենք՝ ինչպես կստացվի այս թիմով մեր աշխատանքը»,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ ներկայացումը դրսում խաղալու ծրագրեր առայժմ չկան։ Դա ևս կախված կլինի հանդիսատեսի արձագանքից:  

 

Լուիզան նշեց, որ իրեն մշտապես հետաքրքրել են այնպիսի գործեր, որոնցում կարող ես շատ ծանր թեմաներ ներկայացնել փոքր-ինչ հումորային կողմից։ «Կյանքում էլ շատ կարևոր է, որ կարողանաս խնդիրները շատ չծանրացնել, որպեսզի հեշտ լինի դրանց լուծումները գտնելը,- ասաց դերասանուհին և ավելացրեց, որ սիրում է հանդես գալ սոցիալական թեմաներով ներկայացումներում։ –Հանդիսատեսից յուրաքանչյուրը, եթե անգամ իրեն չի տեսնում պատմության մեջ, խնդիրը տեսնում է հասարակության մեջ: Նմանատիպ ներկայացումները, որոնք ամբողջությամբ կտրված չեն հասարակության խնդիրներից, այս ժամանակահատվածում, կարծում եմ, ավելի պիտանի են»:

 

«Բոլորս ոգևորված աշխատում ենք». Լուիզա Ներսիսյանը նորություն ունի