Տոլմայի համահայկական փառատոնի հետաքրքիր համերն ու ֆոտոշարքը
Արարատի մարզի Հնաբերդ գյուղը երեկ այնքան մարդաշատ էր, որ գյուղից բավականին հեռավորության վրա մեքենաների խցանում էր առաջացել։ Մեծ թվով հայեր և զբոսաշրջիկներ ուղևորվել էին «Դվին» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի մերձակայքում գտնվող այս գյուղը` մասնակցելու Տոլմայի համահայկական փառատոնին։
Tert.am Life–ը ներկայացնում է փառատոնի ֆոտոշարքն ու հետաքրքիր մանրամասները։
Փառատոնին մի շարք ռեստորաններ և անհատ արտադրողներ էին մասնակցում։ Տոլմայի տարբեր տեսակները համտեսելու պահանջարկն այնքան մեծ էր, որ մասնակիցները չէին հասցնում բոլոր ցանկացողներին ներկայացնել տոլմայի իրենց տեսականին, փոխարենը, առաջարկում էին գինի, խորոված, քաբաբ, գաթա, փախլավա, համեղ այլ ուտեստներ։

Փառատոնն անցավ հայկական երգով ու պարով։ Շատերի համար փառատոնը յուրատեսակ պիկնիկի էր վերածվել բնության գրկում` հարակից տարածքում ծառների տակ պատսպարվել էին արևից ու համտեսում էին առաջարկվող ուտեստները։ Գրան պրիի արժանացավ Ararat Hall ռեստորանը, որի խոհարարներն արտասովոր տոլմա էին ներկայացրել իշխանի փափկամսով և խաղողի տերևներով։
Ժյուրիի կազմում ընդգրկված խոհարար Երվանդ Ղալաջյանը, որը ժամանել է Ուլան Ուդեից, Բուրիատիայի խոհարարների նախագահն է, մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի ավելի համեղ տեսականի էր առաջարկված։ Ժյուրիի կազմում ընդգրկված էր 10 խոհարար, որոնք բաժանված են եղել երկու խմբի։
«Ինձ համար բոլորն էլ հաղթանակի արժանի մարդիկ են։ Մրցույթում հաղթում է ուժեղագույնը, սակայն յուրաքանչյուր մասնակից իր տեսակի մեջ հաղթանակած է։ Մոտ 30 տեսակի տոլմա ենք համտեսել։ Ես ապշած եմ, թե ինչ նորարարություններ կային»,– ասաց խոհարարը, ում համար ամենաանսպասելին եղել է չրով տոլման համտեսելը։

Նա նշեց, որ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ քննարկում են հաղթողին Ուլան Ուդեում կազմակերպվող փառատոնին հրավիրելը։
«Մայիսի 12–ին փառատոնը շատ գեղեցիկ անցկացրինք Բալյկալի ափին` Ուլան Ուդեում։ Փառատոնն անվանել էինք «Սևանից Բայկալ. Եվրասիա 2018»։ Այնտեղի հաղթող խոհարարները պետք է գան այստեղ, այստեղի հաղթողին ուզում ենք տանել այնտեղ, որպեսզի իսկապես լինի Սևանից Բայկալ»,– ասաց նա։































Լուսանկարները` Շուշան Անտոնյանի







