Շառլ Ազնավուրի 94-ամյակին նվիրված բացօթյա համերգը՝ Ազնավուրի հրապարակում

15:15 • 23.05.18

 

Մայիսի 22-ին լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը դարձավ 94 տարեկան: Երրորդ տարին անընդմեջ  Ազնավուրի ծննդյան օրն իր անվան հրապարակում նշվում է բացօթյա համերգով: Այս տարի համերգին մասնակցում էին Lukas Madoyan's Band-ը, Sonet band-ը, Re Minour-ը, Ջիվան Գասպարյան կրտսերը և համերգի մշտական մասնակից, Ազնավուրի երգերի մեծ սիրահար Հայկ Պետրոսյանը: 

 

Tert.am Life-ը ներկա է եղել համերգին ու ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:

 

Ազնավուրի երգացանկի ստեղծագործություններն ու նրան նվիրված ֆրանսիական շանսոնները վայելելու հնարավորությունը բաց չէին թողել երգչի երկրպագուները, որոնք տարբեր տարիքային խմբերից էին: Համերգի սկիզբն ազդարարեց Sonet band-ը: Խմբի մեներգչուհի Սոնա Շիրոյանը կատարեց երգեր ինչպես Ազնավուրի, այնպես էլ Էդիտ Պիաֆի երգացանկից. «Շատ եմ սիրում Ազնավուրի կատարումները: Նա շատ յուրահատուկ ձևով է կատարում երգերը: Բեմում, կարծես, պատմում է երգը, ինչն ինձ շատ է գրավում: Շատ բան եմ սովորում իրենից»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: 

 

 

Ազնավուրի` Une vie d’amour հայտնի երգը հանդիսատեսին մատուցվեց դուդուկի հնչյուններով՝ Ջիվան Գասպարյան կրտսերի կատարմամբ:

 

Ազնավուրի շատ երգեր, օրինակ՝ Լa bohème-ն արդեն 60 տարվա պատմություն ունի, բայց չի դադարում արդիական լինել: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ Ազնավուրը, իսկապես, բացառիկ արտիստ է, դա դրսևորվում է ինչպես նրա մարդկային որակների, կյանքի դժվարին ուղու, այնպես էլ երաժշտական գործունեության մեջ:

 

«Երբ ծանոթանում ես նրա կյանքին ու անցած ուղուն, տեսնում ես, որ շատ ուժեղ մարդ է՝ չնայած իր փորքամարմին լինելուն ու դողացող ձայնին: Ոգեշնչման համար նա մեծ օրինակ է, որպեսզի ինքդ էլ մինչև վերջ գնաս ու հասնես նպատակիդ: Ինքն իրեն բնորոշելիս էլ շատ հաճախ շեշտում է համառ լինելը:  Ազնավուրը երաժշտական նոր ոճ ստեղծեց, նրան Ֆրանսիայում 20-րդ դարի խոսքագիր են հռչակել»,-ասաց Հայկը:

 

 

Նա հիշեց այն օրը, երբ առաջին անգամ ներկա է եղել Ազնավուրի համերգին ու հնարավորություն ունեցել բեմից վայելելու սիրելի արտիստի կատարումները. «Առաջին անգամ Ազնավուրի համերգին եղա Փարիզում՝ իր 80 ամյակն էր: Բառերով ուղղակի չեմ կարող փոխանցել այն, ինչին ականտես եղա:  400 հոգանոց դահլիճում նստած ենք, դուրս եկավ կարճահասակ մի մարդ, որը միանգամից բռի մեջ հավաքեց ամբողջ դահլիճը: Երբ նա բեմում է, քարացած, կախարդված նայում ես իրեն, կապ չունի՝ հասկանո՞ւմ ես, թե ոչ: Ազնավուրին շատ են սիրում մարդիկ, ովքեր ֆրանսերեն ոչինչ չեն հասկանում: Օրինակ՝ երբ ես փոքր էի, տատիկս «Իզաբել» երգը լսելիս, չգիտեմ ինչու, պատկերացնում էր, որ տղամարդն իր սիրած աղջիկա շիրիմի մոտ հոնգուր-հոնգուր լաց է լինում, բայց երգը, ընդհանրապես, այդ մասին չէ: Ազնավուրի երգերն առաջին հերթին մարդկային են, այնպիսի երաժշտությամբ և տեքստով, որ միանգամից կպչում են սրտիդ»:

 

Ազնավուրին նվիրված համերգը եզրափակեց Հայկ Պետրոսյանը՝ կարելով 7 երգ նրա երգացանկից: Չնայած անձրևային եղանակին՝ հանդիսատեսը համերգը վայելեց մինչև վերջ, նրանցից շատերն էլ չդիմադրեցին ֆրանսիական հնչյուններին ու սկսեցին պարել անձրևի տակ:

 

8 և ավելի լեզուներով երգեր կատարած, համաշխարհային ճանաչում ձեռք բերած Ազնավուրն 94 տարեկանում էլ բեմում է:

 

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Շառլ Ազնավուրի 94-ամյակին նվիրված բացօթյա համերգը՝ Ազնավուրի հրապարակում