Մարտայի առաջին մենահամերգը, հայտնի հյուրերն ու հուզիչ պահերը
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը հարազատ Երգի պետական թատրոնում ներկայացավ իր առաջին մենահամերգով: Tert.am Life-ը ներկա է եղել երեկոյին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու Մարտայի հետ զրուցել տպավորությունների մասին:
3 տարեկանից երգող, 22 տարվա երաժշտական կարիերա ունեցող երգչուհին, հենց համերգի սկզբում խոսոտվանեց՝ գիտեր, որ հուզվելու է, բայց այդչափ չէր պատկերացնում. «Շնորահակլություն, որ այսօր այստեղ եք: Ինձ համար շատ կարևոր ու սպասված օր է»:
Ջազզից մինչև ժողովրդական երգեր ու համաշխարհային հիթերի cover տարբերակներ. հենց այսպիսի բազմաժանր երգացանկով երգչուհին ջերմ ու անմիջական մթնոլորտում երկխոսեց իր հանդիսատեսի հետ: Մենահամերգի հատուկ հյուրերի շարքում էին Արթուր Գրիգորյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Էրիկ Կարապետյանը, Նորայր Գափոյանը, Հայկ Կարապետյանը, Գրիգոր Կյոկչյանը, Ռուսլան Էլյազյանը, Միլենա Մելիքյանը և այլք:

Համերգային երեկոն վարելը երգչուհին վստահել էր իր լավագույն ընկերներից մեկին՝ Գրիգոր Կյոկչյանին, ում հետ նաև զուգերգով հանդես եկավ: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ էկրանից հետևելու Մարտայի անցած երաժշտական ուղու մասին պատմող տեսանյութին:
Մենահամերգի ամենահուզիչ ու պատասխանտու պահերից մեկը երգչուհու համար, թերևս, իր ուսուցչի՝ Արթուր Գրիգորյանի նվագակցությամբ Տաթևիկ Հովհհանիսյանի՝ «Սիրո կամար» ստեղծագործության կատարումն էր: Ուսուցչին բեմահարթակ հրավիրելիս երգչուհին ասաց. «Հիմա կանչելու եմ մի մարդու, ում շնորհակալ եմ մի բանի համար, որ ես այսօր այս տեսակի Մարտան եմ։ Մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են 10 տարեկանում ու հիմա, հասկանում են, որ բացի հասակիցս, այդքան էլ շատ բան չի փոխվել: Նրա շնորհիվ եմ ստացել դաստիարակություն այսպիսի իմ երգարվեստում: 14 տարի է՝ նա իմ ուսուցիչն է ու հպարտ եմ, որ իր հետ պետք է երգեմ»:
Արթուր Գրիգորյանն իր հերթին նկատեց. «Ես շատ ուրախ եմ, որ մեր թատրոնում աշխատում է և աշխատելու է խելացի երգչուհի, շատ խելացի, ես նկատի ունեմ՝ երաժշտությունը: Այսօր խելացի երգչուհիների դեֆիցիտ է, ձեր բախտը բերել է»:

Մարտան նաև դասավանդում է Երգի պետական թատրոնում։ Նա իր սաների համար պարային բեմադրություն էր արել իր երգացանկից «7 օր» կոչվող երգի հիման վրա:
Համերգի ընթացքում երգչուհին Էրիկ Կարապետյանի հետ կատարեց «Իմ աշխարհ եկ» երգը: «Երևի, 12–13 տարեկան էի, երբ եկա Հայաստան, այդ ժամանակվանից միասին քայլել ենք, մինչև օրս քայլում ենք ու վստահ եմ՝ պիտի քայլենք դեպի հաղթանակներ»,-ասաց Էրիկը զուգերգի ավարտից հետո:
Համերգի ժամանակ նաև պրեմիերա հնչեց: Մարտան ու Ֆելիքս Խաչատրյանն առաջին անգամ կատարեցին «Մարտա երգը», որը Ֆելիքսը գրել է հենց երգչուհու համար:

Մենամահերգի ընթացքում հանդիսատեսին ևս խոսք տրվեց՝ կարծիք հայտնելու երգչուհու մասին: Գրիգոր Կյոկչյանը խոսափողը փոխանցեց նաև երգչուհու տատիկին, ով հանդիսատեսի շարքում նստած հուզված հետևում էր թոռնուհու կատարումներին: «Մարտան իմ ճնշման դեղն է»,- խոստովանեց տատիկն ու շնորհավորեց թոռնուհուն հաջողված համերգի կապակցությամբ:
Համերգի ավարտին երգչուհին խոստովանեց, որ ոչ մի վայրկյան հուզմունքը չի պակասել: «Չեմ հավատում, որ այս ամենը վերջացավ: Ուզում էի՝ անընդհատ շարունակվեր: Այնքան շատ էին էմոցիաներս, դեռ շատ հուզված եմ: Հենց ժամանակին ստացվեց ամեն ինչ, կապ չունի՝ ինչքան ժամանակ ես երգում, պիտի ներքին պատրաստվածություն ունենաս, հոգեպես պատրաստ լինես մենահամերգին, պիտի լինի մարդ, որը քեզ կասի, որ դու դա կարող ես անել: Այս դեպքում իմ ուսուցիչը Գրիգորիչն ասաց, որ եկել է ժամանակը: Իրոք, արտիստի համար սա շատ մեծ փորձ է: Հանդիսատեսի արձագանքից հասկացա, որ իրենց դուր եկավ»,-ասաց նա:
























Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի







