Ինչպես է անցել Իվետա Մուկուչյանի, Արա Մարտիրոսյանի և Սոնայի համատեղ համերգը
Երեք տարբեր ձայն, կատարողական ու երաժշտական տարբեր ձեռագիր՝ մեկ բեմում: Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի, Արա Մարտիրոսյանի և Սոնայի համատեղ համերգը: Tert.am Life-ը ներկա է եղել համերգին ու ֆիքսել երեկոյի դիտարժան պահերը:
Համերգային ծրագրի բացումն արեց Իվետա Մուկուչյանը: «Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ: Երեկ եմ վերադարձել Հայաստան: Կարոտել էի հայրենիքս»,-ասաց երգչուհին ու առաջինը կատարեց՝ «Սիրահարվել եմ քեզ» երգը, որին հաջորդեցին նրա արդեն հայտնի ու սիրված ռիթմիկ կատարումները՝ պարային խմբի ուղեկցությամբ:
Արա Մարտիրոսյանին բեմահարթակ հրավիրեց հենց Իվետան: Երգիչը բեմ բարձրացավ ու ասաց. «Ուղիղ 14 տարի առաջ եմ եղել այս բեմում: Շնորհակալ եմ, որ այստեղ եք»:
Tert.am Life-ի հետ զրույցում Արան նշեց, որ չի հասցրել կարոտել հայրենիքը, քանի որ հաճախ է այստեղ լինում, իսկ ահա տևական դադարից հետո սիրելի հանդիսատեսի առաջ ներկայանալու առիթի համար ուրախ է. «Քանի որ բնակվել ու աշխատել եմ ԱՄՆ-ում, առիթ չի եղել ելույթ ունենալ այստեղ: Սրանից շատ կարճ ժամանակ առաջ ես և Սոնան ակումբային ծրագրով հանդես եկանք, իսկ այսօր արդեն երեքով որոշեցինք ներկայանալ»,-ասաց նա:

Արա Մարտիրոսյանի և Սոնայի զուգերգը՝ В сердце 40 градусов, որի պրեմիերան կայացել էր նրանց ակումբային համերգի ժամանակ, առաջին անգամ էր հնչելու համերգային դահլիճում՝ մեծաքանակ հանդիսատեսի առաջ: «Սոնային ճանաչում եմ արդեն 20 տարի: Որոշել էինք՝ մինչև մեր 50 տարեկան դառնալը միասին երգելու ենք»,- այս խոսքերով գործընկերուհուն բեմահարթակ հրավիրեց Արա Մարտիրոսյանը:
Սոնան իր հերթին դիմելով դահլիճին հարցրեց՝ ո՞վ է լսել երգը, դահլիճի մեծամասնությունը ձեռք բարձրացրեց, երգչուհին կատակեց. «Փաստորեն էլ պրեմիերա չէ»: Զուգերգի ավարտից հետո երգչուհին ասաց. «Երգի տեսահոլովակի պրեմիերան ավելի վաղ էինք նախատեսել, բայց հուսով ենք, որ շուտով կլինի»:
Սոնան դահլիճին մտովի տեղափոխեց 90-ականներ՝ կատարելով Ромашки любви երգը ու հիշեցնելով «Մեր Բակի» Սոնային: Հենց այդ կերպ են անգամ տարիներ անց, շատերը երգչուհուն հիշում, ինչի մասին Սոնան էլ խոստովանեց:






















Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի







