«Հայաստան կգան օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ` ժամանակակից կինոյի մեծագույնները». «Ոսկե ծիրան 2018»–ի մանրամասները

17:16 • 01.06.18

 

Մի քանի օրից Երևանը կողողվի «Ոսկե ծիրանի» 15-րդ` հոբելյանական ցուցապաստառներով, իսկ հուլիսի 8-14–ը կկայանա միջազգային կինոփառատոնը, որն ամեն տարի համախմբում է տարբեր երկրների կինոյի գործիչներին ու 1 շաբաթով Երևանը դարձնում մշակութային կենտրոն։ Այս տարի «Ոսկե ծիրանը» կնշի հոբելյանական 15–րդ փառատոնի անցկացումը։ ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը վստահ է` ամռանը Երևանը մշակութային հարուստ կյանք կունենա։ Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսին։ Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները։

 

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ հպարտությամբ նշեց` Լիլիթ Մակունցը «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է եղել և տարիներ շարունակ այցելել է փառատոնին։ «Մեր բախտն էլի բերեց»,– ժպիտով նկատեց նա։

 

«Երբ ուսանող էինք, սկսեցին անցկացնել «Ոսկե ծիրանը»։ Դա, իսկապես, մեծ իրադարձություն էր։ Բոլորս հաճույքով գնում էինք։ Այն տրամադրությունը, հետաքրքրությունը, մթնոլորտը, որ կա կինոյի շուրջ, արդեն իսկ շատ կարևոր է»,– ասաց նախարարը։

 

Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի կինոփառատոնը հոբելյանին համահունչ   հյուրեր է ունենալու։ «Հրավիրել ենք օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների  դափնեկիրների, ժամանակակից կինոյի մեծագույններին։ Կան մեծագույն ռեժիսորներ, որոնք ժամանակին մեզ հետ են սկսել և ցանկություն են հայտնել ներկա լինել 15–րդ կինոփառատոնին։ Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք հանդիպել»,– ասաց «Ոսկե ծիրանի» հիմնադիրը, սակայն ավանդույթը չխախտեց` հյուրերի մասին կհայտարարեն ավելի ուշ։

 

Այս փուլում արդեն հայտնի է փառատոնի ժյուրիի կազմը։ «Ոսկե ծիրանի» ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը կարևորեց, որ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի պրոֆեսիոնալները։

 

 

«15 տարի է` շեշտում եմ, որ փառատոնի  մակարդակի 2 կարևոր ցուցիչն են ծրագրերի մակարդակն ու հրավիրված ժյուրին։ Այս տարի կարող ենք հպարտանալ, որ շատ լավ ժյուրի է հավաքվել։ Ժյուրին կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին` Իրանից։ Այս տարի Կաննի կինոփառատոնի բացումը կայացավ նրա ֆիլմով։ Այդ ֆիլմը կցուցադրենք «Ոսկե ծիրանի» շրջանակում։ Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանը, կինոօպերատոր Լերի Սմիփթը»,– ասաց նա։

 

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ հայտնեց, որ դիմել է Կառավարություն, որպեսզի այն գումարը, որը, որպես մրցանակ, հատկացվելու է հայկական ֆիլմերին, ուղղվի  նոր նախագծերի իրականացմանը։

 

««Ոսկե Ծիրանը» մեծ հարթակ է Հայաստանից և տարածաշրջանից երիտասարդներին աջակցելու համար։ Այս ընթացքում տարբեր ֆիլմեր ենք  նկարահանել, որոնք ներկայացվել  են միջազգային փառատոններում։ Այս տարի ստեղծել ենք հարթակ, որի շրջանակում ընդունում ենք նոր նախագծերի առաջարկներ։ Միջազգային փորձագետների կողմից լավագույնը ճանաչված նախագծերը, հուսով եմ, կստանան գումարային այն մրցանակները, որոնք նախատեսված են հայկական ֆիլմերի համար։ Ուզում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային կինոարտադրության կենտրոն»,– ասաց նա։

 

Նախարարը ևս կարևորեց այդ հանգամանքը. «Քննարկել ենք, թե հետագայում ինչպես կարելի է ֆինանսավորել նախագծերը, որպեսզի խթանենք նոր աշխատանքների ստեղծմանը»։

 

«Ոսկե ծիրանի» ցուցապաստառներն այս տարի հեղինակել են երիտասարդ դիզայներներ Սիլվին և Դիանան։ Մշակվել է ցուցապաստառների  15 օրինակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ասելիքը։ Դիզայներներն ուսումնասիրել են «Ոսկե ծիրանի» անցած ուղին և ընտրել թեմաները`  երազանք, հաղթանակ, համարձակություն և այլն։

«Հայաստան կգան օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ` ժամանակակից կինոյի մեծագույնները». «Ոսկե ծիրան 2018»–ի մանրամասները