Արմեն Թութունջյանի վերջին ցանկությունը կատարված է. Տեղի ունեցավ «Ջազը Հայաստանում» գրքի՝ հայերեն տարբերակի շնորհանդեսը. (Լուսանկարներ)

12:26 • 09.06.18

 

Հունիսի 8-ին՝  Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար Արմեն Թութունջյանի մահվան տարելիցի օրը, տեղի ունեցավ «Ջազը Հայաստանում» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գրքում մանրամասն նկարագրված է հայկական ջազի ողջ պատմությունը` սկսած 20–րդ դարի 30–ականներից մինչև մեր օրերը։ Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել երեկոյի հյուրերին ու նրանց հիշողությունները Չիկոյի մասին:

 

Հայկական ջազի պատմության կերտողներից ու ականավոր  դեմքերից մեկը՝ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, կյանքի վերջին 5 տարիները նվիրել էր Հայաստանում ջազի պատմությունը գրառելու ու սերունդերին փոխանցելու գործին: 2015-ին լույս տեսավ նրա հեղինակած «Ջազը Հայաստանում» գրքի ռուսալեզու տարբերակը: Սակայն ջազմենի մեծ ցանկությունն  էր այն նաև հայերեն տարբերակով ներկայացնել: Նրա վերջին ցանկությունը կյանքի կոչեց որդին՝ Հայկ Թութունջյանը: 

 

 

«Այսօր ինձ համար խառը զգացմուքններով լի օր է: Սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Անցյալ տարի այս օրը հանկարծամահ եղավ հայրս, շատ անսպասելի, թենիսի կորտերում խաղալիս՝ իր  հերթական «Ջազի ժամը» ծրագիրը նկարահանելուց հետո: Իսկ ուրախանալու և հպարտանալու առիթ այսօր ինձ տալիս է այն, որ կատարում եմ նրա վերջին ցանկություններից մեկը»,-ասաց Հայկը և ավելացերց, որ գրքում բացի հայկական ջազի 80 տարիների պատմությունը, նա ներառել է նաև 2015-ից հետո և հոր մահին հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները և նոր դեմքերին հայկական ջազարվեստում,-  Հավելումների մեծ մասը հայրս մինչ մահը հասցրել էր անել, այսինքն ինձ մնացել էր մի քանի ջազային իրադարձությունների մասին պատմել, որոնք տեղի են ունեցել նրա վախճանից հետո: Իմ տպավորություններով գրքում կսիվել եմ երկու միջոցառման հետ կապված՝ իր վերջին փառատատոնի մասին, որին բախտ ունեցա անձամբ ներկա լինել ու  իմ կողմից կազմակերպված «Նվիրում Չիկոյին» հիշատակի մեծ համերգին,  որը տեղի ունեցավ անցյալ տարի Արամ Խաչատրյան համերգասրահում»:

 

Գիրքը  լույս է տեսել 300 տպաքանակով և շուտով կհայտնվի Երևանի գրախանութներում: Հայկը վստահություն հայտնեց, որ գիրքը շատ երիտասարդ երաժիշտների համար կդառնա ոգեշնչման աղբյուր և յուրատեսակ մասնագիտական ուղեցույց, ինչը  նրա խոսքով, նաև Չիկոյի նպատակն էր. «Ես պատրաստվում եմ դիմել Մշակույթի նախարարությանը, որպեսզի նաև իրենց օգնությամբ գիրքը հասանելի դառնա բուհերում, հանրային գրադարաններում»:

 

 

Գրքի շնորհանդեսին ներկա էին ջազմենի ընկերներն ու նրա երաժշտության սիրահարները: Հյուրերի շարքում բոլորի ուշադրությունը գրավել էր հայկական ջազի լեգենդ, Հայաստանի վաստակավոր գործիչ, 83-ամյա  կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանը: Tert.am Life-հետ զրույցում կոմպոզիտորը նկատեց՝ գիրքը ջազի քարոզչության համար լավ տարբերակ է. «Ես կողմնակից եմ, որ այս երաժշտությունը պրոպագանդվի: Երաժշտությունն ականջի և հոգու համար է»:

 

Երեկոյի ջազային տրամադրությունն ապահովող երաժիշտների շարքում էր Չիկոյի աշակերտը՝ Ռաֆայել Պետրոսյանը: Երիտասարդ երաժիշտը մեզ հետ զրույցում պատմեց, որ Արմեն Թութունջյանի հետ ծանոթությունը վճռորոշ է եղել իր կյանքում:

 

 

« «ֆեյսբուքում» Արմեն Թութունջյանին գտա, ծանոթացանք: Երևի նկատեց, որ շատ եմ սիրում ջազն ու իմ մեջ ինչ-որ բան տեսավ: Այդտեղից մեր մտերմությունը սկսվեց և տևեց 9 տարի: Պարոն Թութունջյանն իր խորհուրդներով օգնեց հարթել իմ ճանապարհը: 2013 թվականից ես լքել եմ Բժշկական համալսարանն ու սկսել  ջազով զբաղվել: Ես հասկացա, որ մասնագիտությունն է ինձ ընտրել, ոչ թե ես իրեն»,-ասաց նա:  

 

Գինին ու ջազը երեկոյի բաղադրիչներն էին, որոնց շուրջ էլ մտերմիկ զրույցներ էին անցկացվում Չիկոյի մասին:

 

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Արմեն Թութունջյանի վերջին ցանկությունը կատարված է. Տեղի ունեցավ «Ջազը Հայաստանում» գրքի՝ հայերեն տարբերակի շնորհանդեսը. (Լուսանկարներ)