Երևանում բացվեց IQOS ապրանքատեսակի առաջին մասնագիտացված խանութ-սրահը

11:30 • 12.06.18

 

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը Դալմա Գարդեն Մոլում բացեց նորարարական, առանց ծխի IQOS ապրանքատեսակի առաջին մասնագիտացված խանութը: Սա ապրանքանիշի առաջին մասնագիտացված խանութն է տարածաշրջանում:

 

IQOS-ի վաճառքի պաշտոնական մեկնարկը Հայաստանում սկսվել է դեռ երեք ամիս առաջ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով` ապրանքատեսակի նկատմամբ հաճախորդների հետաքրքրությունն ու մեծ պահանջարկն են նպաստել բազմաֆունկցիոնալ խանութ-սրահի բացմանը:

 

Tert.am Life-ը ներկա է եղել խանութի բացմանը և ներկայացնում է ապրանքատեսակն ու առաջին հաճախորդներին:

 

 

«Մենք առաջին երկիրն ենք տարածաշրջանում, որ սկսել ենք վաճառել IQOS-ը: Այն պահանջարկն ու հետաքրքրությունը, որ հայերը ցուցաբերում են մեր արտադրանքի նկատմամբ, շատ խոստումնալից է: Հույս ունենք, որ մարդիկ աստիճանաբար կսկսեն գիտակցել առանց ծխի այլընտրանքների առավելությունները: Վերջերս մի վիճակագրություն բացահայտեցինք. Հայաստանում օրական մոտ 100 չափահաս ծխող որոշում է անցնել IQOS-ի: Հաշվի առնելով այն փաստը, որ ամբողջ աշխարհում ամեն օր 10 հազար ծխող է անցնում IQOS-ի, սա  լավ ցուցանիշ է»,– ասաց Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս» ընկերության կորպորատիվ հարցերով ղեկավար Լիլիթ Գևորգյանը:

 

Նա նշեց, որ հաճախորդները նորաբաց խանութում կարող են փորձարկել ապրանքատեսակը. «Եթե ծխողները ցանկանում են փոխել իրենց նախասիրությունը, կարող են փորձել ու որոշում կայացնել՝ ուզում են մեզ հետ դեպի անծուխ ապագա գնալ, թե՞ նախընտրում են ավանդական ծխախոտը»։

 

 

MATCH ARCHITEKTUR GMBH ընկերության նախագծած մինիմալիստական դիզայնով IQOS խանութ սրահի բացմանը հաճախորդներին սպասարկում էր «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» մենեջմենթ թիմը, ինչն ապահովում էր ուղիղ կապ հաճախորդների հետ և հնարավորություն տալիս տեղում լսելու նրանց կարծիքներն ու առաջարկները:

 

Բացմանը կայացավ նաև խաղարկություն։ «Գնում կատարելիս մեր հաճախորդները հնարավորություն են ստանում տոմս քաշել ու շահել որևէ նվեր մեր ապրանքանիշի կողմից: Սա փոքրիկ շնորհակալություն է IQOS օգտագործողներին և չափահաս ծխողներին, ովքեր կմիանան մեզ»,-ասաց Լիլիթը:

 

 

Դերասան Բաբկեն Չոբանյանը, որը ևս ներկա էր խանութի բացմանը, նշեց, որ արդեն մեկ ամիս է` հրաժարվել է սովորական ծխախոտից և IQOS է օգտագործում: «Բազմաթիվ մարդկանցից դրական արձագանքներ ստացա, որոշեցի ինքս էլ հասկանալ` ինչ նորույթ է: Այն տհաճ զգացողությունները, որ ունենում եմ ծխելուց հետո, IQOS  օգտագործելիս այլևս չկան: Բոլոր ծխող ընկերներիս խորհուրդ կտամ փորձել»,-ասաց նա:

 

IQOS խանութը կգործի շաբաթվա բոլոր օրերին: Խանութը բաժանված է չորս գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործնական նշանակությունը. տեխնոլոգիայի ներկայացում, ուղեկցվող փորձարկում և ծանոթացում օգտագործման կարգին: Անհատականացման գոտում էլ IQOS-ը կարելի է ձևավորել գեղեցիկ աքսեսուարներով:

 

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի