«Ռոզան ինձ շատ է օգնում». Մովսես Երեմյանը` նոր երգի ձայնագրման մասին
Ժամանակին համացանցում լայն տարածում էր գտել Մովսեսի երգը նվիրված կնոջը` Աննային, որը կատարել էր իրենց հարսանիքի ժամանակ։ Մովսեսն ասաց, որ նախորդ դեպքում շատ կարճ ժամանակում էի պատրաստվել, մեծ աշխատանք չէր տարել։ Դա պարզապես նվեր էր սիրելիին։ Այս անգամ դերասանն աշխատում է պրոֆեսիոնալ թիմի հետ։
«Աշխատանքային մեծ թիմ ունենք, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի լավ արդյունք ունենանք»,– նկատեց Մովսեսը, իսկ աշխատանքը գնահատել զգուշացավ, քանի դեռ աշխատանքային պրոցեսի մեջ են։

Դերասանը մի շարք մտավախություններ ունի, քանի որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին, սակայն թիմում բոլորն իրեն ոգևորում են։ «Ես մասնագիտությամբ երգիչ չեմ, պարզապես, սովորել եմ Թատերական ինստիտուտի Երաժշտական թատրոնի դերասանի ֆակուլտետում։ Քանի որ մյուզիքլներում էինք խաղում, նաև վոկալ էինք անցնում, սակայն երբեք խորացված չեմ զբաղվել վոկալով»,– պատմեց դերասանը։
Մովսեսն ընդգծեց, որ սա չի անում, որպեսզի երգչի կարիերա սկսի. «Սա ուղղակի ֆիլմի սաունդթրեք է, երգելու փորձ։ Հնարավոր է` լավ ստացվի, հնարավոր է` ոչ։ Երբեք երգչի կարիերա սկսելու մտադրություն չեմ ունեցել։ Թե հետագայում ինչ կլինի, ոչ ոք չի կարող կանխատեսել»։
Անդրադառնալով խաղընկերուհու`Ռոզայի հետ աշխատանքին արդեն երգարվեստում` Մովսեսը նշեց, որ իրենց համագործակցությունը բավականին հեշտ է ստացվում։ «Նա շատ է օգնում ինձ։ Խորհուրդներ է տալիս, թե ինչպես ճիշտ երգեմ։ Աշխատանքներին մասնակցում է նաև իր եղբայրը` Մհերը, որը ևս օգնում է իր խորհուրդներով»,– ասաց նա։









