Օդային շոու, ազատ թռիչքներ և դիսկո. Ստեփանակերտում կայացավ «Արցախ Էյր Ֆեստ»–ը

12:57 • 18.06.18

 

Օդային շոու, պարաշյուտային թռիչքներ, լավ երաժշտություն, պարային տրամադրություն և մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք ծանոթանում են կենսուրախ Արցախին. հանգստյան օրերին Ստեփանակերտը սովորականից ավելի մարդաշատ էր։ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներն ու մի խումբ զբոսաշրջիկներ ուղևորվել էին Արցախ` մասնակցելու  «Արցախ Էյր Ֆեստ»–ին, որն իրականացվում է երկրորդ տարին և նպատակ ունի լինել ամենամյա։

 

Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր մանրամասներն ու ֆոտոշարքը։

 

«Նեմրա»–ի կատարումների ներքո Ստեփանակերտի օդանավակայնում մեկնարկեց օդային շոուն, որի շրջանակում օդաչուներն թռիչքներ իրականացրին` ցույց տալով մի շարք հնարքներ` այդ թվում` ինչպիսին կարող է լինել հարբած օդաչուն։ Պարաշյուտիստներն իրենց թռիչքի ժամանակ օդում ծածանեցին Հայաստանի և Արցախի դրոշները։ Օդային շոուին հաջորդեց բայկերների շոուն մոտոցիկլետներով։

 

 

Չնայած եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին և արևային եղանակին հաջորդում էր հորդառատ անձրևը, փառատոնի մասնակիցները զբոսաշրջային թռիչքներ կատարեցին` վայելելով Արցախի բնաշխարհի գեղեցկությունը վերևից։

 

Օդային շոուն և զբոսաշրջային թռիչքներն ուղեկցվում էին համերգային ծրագրով, որի ժամանակ ելույթ ունեցան «Նեմրա»–ն, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Շուշվա բենդը։ Երեկոն վարում էր Արսեն Գրիգորյանը։ Համերգային մասի ավարտից հետո պարային ռիթմերն ապահովեց դիջեյ Գուեվոն։ Փառատոնի մասնակիցների զգալի մասը երիտասարդներ էին, որոնք Ստեփանակերտի օդանավակայանում` բաց երկնքի տակ, պարեցին մինչև ուշ երեկո։

 

«Արցախ Էյր Ֆեստ»–ը կազմակերպվում է երկրորդ անգամ։ Այս տարի փառատոնին մասնակցել է մոտ 2000 մարդ։ Նախորդ տարվա արդյունքների հետ համեմատություն անել կազմակերպիչները դժվարացան, քանի որ նախորդ տարի մասնակիցների թիվը չէր հաշվարկվել։ Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը նկատեց, որ առաջին փառատոնից հետո մեծացել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը դեպի Ստեփանակերտի օդանավակայան և ազատ թռիչքներ:

 

 

«Մի քանի տարի է` օդանավակայանը տուրիստական թռիչքներ է իրականացնում Արցախում, սակայն նախքան փառատոնն այս մասին գիտեին միայն Արցախի բնակիչները։ Միայն տեղացիներն էին ազատ թռիչքներ կատարում Ազատ Արցախում: Այսօր արդեն մեծ է զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ցանկացած պահի զբոսաշրջիկներ և ինքնաթիռներ ընդունելու։ Այստեղ ունենք երկու փոքրիկ ինքնաթիռ և փորձառու օդաչու՝ ի դեմս Սամվել Թավադյանի»,– ասաց նախարարը։

 

Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն էլ շեշտեց, որ մի խումբ երիտասարդ անձանց գաղափարը` Արցախում կազմակերպել օդային փառատոն, ունի տեսանելի արդյունք, խթանել է զբոսաշրջիկների հոսքին։ Նա հայտնեց, որ Արցախում զբոսաշրջիկների հոսքն առավել մեծ է Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Իրանից և Լիբանանից:

 

«Սա նույնիսկ տարածաշրջանային մասշտաբներով եզակի միջոցառում է համարվում։ Համոզված եմ՝ փառատոնն իր դերը կունենա Արցախում զբոսաշրջության ու ավիացիոն ոլորտների զարգացման գործում»,– ասաց նա։

 

Փառատոնի նախաձեռնող «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը նկատեց, որ այս տարի «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնի ծրագրում ունեին նորություն՝ օդային շոուն  ինքնաթիռների և պարաշյուտիստների մասնակցությամբ, որն առաջին անգամ էր տեղի ունենում Ստեփանակերտի օդանավակայանում: «Փառատոնը շարունակական է լինելու, փորձելու ենք ավելի հետաքրքրացնել ծրագիրը: «Արցախ Էյր Ֆեսթ»-ը կարող է նպաստել նաև փոքր ավիացիայի զարգացման ոլորտում  նոր ներդրումների ներգրավմանը»,– ընդգծեց նա։

 

Լուսանկարները` «Յելլ Էքսթրիմ Պարկ»–ի

Օդային շոու, ազատ թռիչքներ և դիսկո. Ստեփանակերտում կայացավ «Արցախ Էյր Ֆեստ»–ը