«Ներկայացման մեջ կան սիրային տեսարաններ». Եվա Զոհրաբյանը՝ «Մեղրի համը» 16+ ներկայացման գլխավոր հերոսուհին է

17:20 • 18.06.18

 

Անգլիացի 18-ամյա Շեյլա Դիլենին «Մեղրի համը» պիեսով մեծ հայտնիություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: 20-րդ դարի ամենահայտնի պիեսներից մեկը հայ հանդիսատեսին ներկայացվել է 2013-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում` ռեժիսոր Գոռ Մարգարյանի բեմադրությամբ: Տևական ժամանակ թատրոնի խաղացանկում չլինելուց հետո հունիսի 23-ին ներկայացումը երկրորդ շնչառությամբ ու նոր դերակատարներով կրկին բեմ կբարձրանա:

 

Tert.am Life-ը զրուցել է ներկայացման գլխավոր հերոսուհուն մարմնավորող երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանի հետ:

 

Ներկայացման մեջ Եվան փոխարինում է Մարիամ Ղազանչյանին. «Ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Չի կարելի ասել, որ սա բաց ներկայացում է, բայց կան սիրային տեսարաններ, որոնք, ըստ իս, արված են բարձր գեղագիտությամբ: Ներկայացման մեջ բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնցով չենք ուզում ծանրաբեռնել ավելի կրտսեր հանդիսատեսին»:

 

 

 

Պիեսը պատմում է այն մասին, թե որքան դժվար է ապրել, երբ բացի հարբեցող մորից ոչ ոք չունես: Ջոյը 17-ամյա աղջիկ է, որն ապրում է իր թեթևաբարո մոր հետ, վերջինս չի կարողանում հոգ տանել դստեր մասին:

 

«17-ամյա աղջիկը մշտապես կոնֆլիկտի մեջ է իր մոր հետ, քանի որ նրանց աշխարհայացքները տարբեր են: Մոր սիրեկանների պատճառով նրանք անընդհատ տեղափոխությունների մեջ են: Ամեն անգամ, երբ Ջոյը փորձում է ընկերանալ մարդկանց հետ, նրանք նորից տեղափոխվում են: Ամբողջ ներկայացման ընթացքում Ջոյը ջանում է մորը չնմանվել, սակայն չնմանվելը դառնում է ավելի բարդ: Նա վախենում է միայնակ մնալուց և փախչում է։ Հանգամանքների բերումով նա միշտ մնում է կիսատ հոգով և միայնակ` իր վախերի հետ»,-ասաց Եվան:  

 

Ներկայացման մյուս դերակատարներն են՝ Շուշան Ղազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Սեյրան Մովսիսյանը:

 

 

Եվայի խոսքով` հանդիսատեսը բեմում կտեսնի բազմաթիվ խնդիրներ, առիթ կունենա սեփական վերլուծությունն անել դրանց վերաբերյալ և կվերցնի հիմնական ասելիքը. «Սիրո բացակայությունից շատ երևույթներ են կատարվում մեր կյանքում: Մենք միշտ սպասում ենք ջերմության, որը կարող է դրսևորվել մանրունքների մեջ: Մենք միշտ, անգամ, փոքրիկ ջերմություն ստանալու սպասման մեջ ենք: Ամենակարևորը՝ ակնկալում ենք այդ ջերմությունը ստանալ մոր կողմից»:

 

20-րդ դարի 50-60-ական թվայկանների անգլիական դրամատուրգիայի կանոնների համաձայն՝ պիեսը բաց ավարտ ունի: Հանդիսատեսն ինքը պիտի կռահի, թե ինչ կկատարվի Ջոյի հետ, ինչպես կդասավորվի նրա կյանքն ապագայում։

 

Նշենք, որ 2014թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Մեղրի համը» ներկայացումը հաղթող է ճանաչվել միանգամից 6 անվանակարգում՝ «Լավագույն բեմադրիչ», «Լավագույն  երիտասարդական ներկայացում», «Լավագույն  երիտասարդ դերասան», «Լավագույն  դերասանուհի», «Լավագույն  երկրորդ պլանի դերակատար» և «Լավագույն  դերասանուհի»:

 

«Ներկայացման մեջ կան սիրային տեսարաններ». Եվա Զոհրաբյանը՝ «Մեղրի համը» 16+ ներկայացման գլխավոր հերոսուհին է