Աննա Մանուչարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության և դստեր խորհուրդների մասին
Դերասանուհի Աննա Մանուչարյանը սկսել է նկարահանվել «Նռան հատիկ» հեռուստասերիալում, մարմնավորում է մարզպետի դստերը` Մեգիին։ Tert.am Life–ի հետ զրույցում Աննան հայտնեց, որ հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը ստացել է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանից։
«Ներկայանում եմ Թաթուլի աղջկա կերպարով։ Մեգին լրագրողուհի է, որն ամբողջ կյանքում ապրել է արտերկրում, հիմա վերադարձել է Հայաստան։ Կերպարիս մասին դեռ տեսական պատկերացում ունեմ, քանի որ ընդամենը 2 նկարահանում եմ ունեցել։ Մեգին դրական հերոս է, թե հանգամանքների բերումով ինչ զարգացումներ կունենա, չեմ բացահայտի, որպեսզի հեռուստադիտողների համար հետաքրքիր լինի»,– ասաց Աննան։
Դերասանուհին հիմնականում լսարանին ներկայացել է դրական կերպարներով։ Բացասական հերոսուհու մարմնավորելու առիթ մի անգամ է ունեցել «Փրկեք մեր հոգիները» նախագծում։ «Բացասական կերպարով տպավորվելն ավելի հեշտ է։ Դրական կերպարին առանձնահատկություն հաղորդելը փոքր-ինչ բարդ է»,– ասաց նա ու հույս հայտնեց, որ իրեն կհաջողվի իր գույնը բերել «Նռան հատիկ»։

Բարձր վարկանիշ ունեցող նախագծի թիմի անդամ դառնալն Աննայի համար հաճելի է. «Յուրաքանչյուր աշխատանք սկսելիս հոգու խորքում հույս ունես, որ բարձր ռեյթինգ կունենա։ Ես ուրախ եմ այս համագործակցության համար։ Սերիալն ու կերպարները սիրված են։ Հայաստանի սահմաններից դուրս էլ մարդիկ ակտիվ հետևում են ընթացքին։ Հուսամ, կկարողանամ կերպարիս այնպիսի գույն հաղորդել, որ տպավորվեմ իմ դերով»։
Մի քանի տարի է, ինչ Աննան չի նկարահանվում երկարատև սերիալներում։ Նրա փոխանցմամբ` սա սկզբունքային որոշում չի եղել, պարզապես առաջարկները մեծ մասամբ եղել են կարճատև նախագծերից։ «Ես երկարատև սերիալում չնկարահանվելու խնդիր չունեի, թեև ավելի կողմ եմ կարճատև սերիալներին։ Որպես դերասանուհի` առավել հետաքրքիր է տարբեր սերիալներում տարբեր կերպարներ մարմնավորելը»,– նկատեց նա։
Դերասանուհին առաջին անգամ է նկարահանվում Դիանա Գրիգորյանի նախագծում։ Աննայի խոսքով` նոր թիմին հեշտ ու արագ է ադապտացել։ «Շատ հաճելի անձնակազմ է։ Չափազանց կարևորում եմ լավ թիմ ունենալը, որպեսզի աշխատանքում լարվածություն չլինի։ Խմբի ներքին խոհանոցին շատ ծանոթ չեմ, սակայն որքան առիթ եմ ունեցել շփվելու, շատ եմ տպավորվել իրենց աշխատանքով»,– ասաց նա։

Աննան միշտ ասում է, որ դուստրը` Արփին, իր ամենամեծ խորհրդատուն է։ Մայրիկի մասնակցությամբ հեռուստասերիալի ընթացքին Արփին չի հետևում, սակայն մայրիկին շարունակում է օգնել իր խորհուրդներով։ Աննան ընդգծեց, որ հաճախ դուստրն է օգնում ընտրել և համադրել հագուստը։ Երբեմն էլ, մայր ու աղջիկ օգտվում են միևնույն զգեստապահարանից։
Արփին այժմ պատրաստվում է «Դեպի մանկական եվրատեսիլ» նախագծին, նաև զբաղվում է պարով։ Դերասանուհու օրվա զգալի մասն անցնում է աղջկա հետ։ Նրա խոսքով` գրաֆիկը նկարահանումների հետ համատեղել ստացվում է շնորհիվ լավ անձնակազմի։ «Քանի որ Արփիի խնամքով, իրեն պարապմունքների տանելով միայն ես եմ զբաղվում, ժամանակի խնդիր ունեմ։ Այստեղ էլ է երևում անձնակազմի լավ մթնոլորտը, թիմում համագործակցության սկզբունքը։ Կան աշխատակազմեր, որոնք դերասանից պահանջում են ազատ գրաֆիկ։ Նկարահանումից բացի ոչինչ անել չես հասցնում։ Այս դեպքում աշխատանքը համակարգված է և անձնական գործները չեն տուժում նկարահանման պատճառով»,– ասաց Աննան։










