«Թոռնիկներիս հանդիպումը շատ հուզիչ էր». Շուշանիկ Արևշատյանը տատիկ է դարձել
«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը թոռնիկ է ունեցել։ Tert.am Life–ի հետ զրույցում տկն Շուշանիկը հայտնեց, որ դուստրը` Աննան, աղջիկ է ունեցել, որին տվել է Ելիզավետա անունը` ի պատիվ իր տատիկի։
«Կարծես ավանդույթ լինի` աղջիկս իմ տատիկի անունն է կրում, իր դստերն էլ իր տատիկի անունը տվեց։ Շատ երջանիկ եմ այդ առիթով, որովհետև մայրիկս տեսնում է իր անունը կրող ծոռնիկին, վայելում նրա ներկայությունը»,– ասաց նա։
Տկն Շուշանիկը երկրորդ անգամ է տատիկ դառնում։ Առաջին թոռնիկը տղա է։ Ասում է` աղջկա հետ շփումն իր առանձնահատկություններն ունի. «Մի քիչ վախենալով եմ մոտենում իրեն։ Նորածին է, բայց զգացվում է, որ ավելի նուրբ ու զգայուն է։ Ինչպես ասում են` կին ծնվում են, կին չեն դառնում»։

Նա շատ էր ցանկանում աղջիկ թոռնիկ ունենալ, որպեսզի դուստրը զգա նույն երջանկությունը, ինչ ժամանակին ինքն է զգացել։ «Ես դուստր ունեմ ու գիտեմ` դա ինչ երջանկություն է։ Աղջկաս հետ զգացել եմ` ինչ է նշանակում մայր ու դստեր մտերմությունը, ջերմությունն ու ընկերությունը։ Իհարկե, տղայիս հետ էլ ենք շատ ջերմ, բայց ինչպես ասում են` տղամարդիկ իրենց գաղտնիքներն ունեն։ Աղջիկների հետ այլ մտերմություն է ձևավորվում։ Շատ էի ուզում, որ աղջիկս էլ զգա նույն երջանկությունը»,– ընդգծեց նա։
Թոռնուհու հետ առաջին հանդիպումը տկն Շուշանիկի համար էմոցիոնալ է եղել, սակայն տատիկի համար ավելի սպասված ու հուզիչ է եղել 2 թոռնիկների հանդիպումը։ «Ամիսներ շարունակ մենք թոռնիկիս նախապատրաստում էինք, որ քույրիկ է ունենալու, որին պետք է սիրել և գուրգուրել։ Երբ նա տեսավ քույրիկին, սկսեց համբուրել ու գուրգուրել։ Իսկապես, շատ հուզիչ պահ էր»,–– պատմեց տատիկը։


Տկն Շուշանիկը շատ կապված է ավագ թոռնիկի հետ։ Թեև Ելիզավետայի ծնունդը շատ սպասված էր տատիկի համար, նա խոստովանում է, առաջնեկի առավելությունը զգում է. «Մրցակցությունը մեծ է:) Իհարկե, փոքրիկին էլ անսահման կսիրեմ, սակայն Մարկին այնքան մեծ սեր եմ տվել, որ դրանից ավելին չեմ պատկերացնում։ Մենք շատ կապված ենք։ Իմ ու Ելիզավետայի միջև նույնպիսի կապվածություն կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»։
Տատիկը նկատեց, որ երկրորդ թոռնիկի ծննդյան ժամանակ ամեն բան առավել համակարգված է, քանի որ արդեն փորձառու են։ «Առաջին թոռնիկիս ծննդյան ժամանակ ահավոր վիճակ էր, չգիտեինք` ինչպես պետք է կարգավորենք այս կամ այն հարցը։ Այնպես էինք խառնվել, որ ավելի շատ խանգարում էինք աղջկաս, քան օգնում։ Հիմա բոլորը գիտեն իրենց գործն ու տեղը։ Ավելի հանգիստ ու ներդաշնակ միջավայր է, որը, վստահ եմ, փոխանցվում է նաև փոքրիկին։ Ավագ թոռնիկս շատ աշխույժ է, կարծում եմ, մեր աղջիկն ավելի հանգիստ կլինի»,– եզրափակեց նա։








