Շվեյցարական արխիվներից մոտ 3000 նյութի հիման վրա ստեղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մարդասիրության վկաները» գիրքը
«Մարդասիրության վկաները. Շվեյցարիայի մարդասիրական աջակցությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին. 1894-1923 թթ.». սա Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի հեղինակած գիրքն է` նվիրված Հայոց ցեղասպանությանը։
ԳԱԱ պատմության ինստիտուտում, երեկ կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև Tert.am Life–ը։ Գիրքը լույս է տեսել գերմաներեն ու անգլերեն, այժմ իրականացվում է գրքի ֆրանսերեն թարգմանությունը։ Գիրքը հայերեն թարգմանել հեղինակն առայժմ չի հասցնում, բայց ասում է` ուրախ կլինի, եթե այստեղ զբաղվեն գրքի թարգմանությամբ։
Այս աշխատանքն իրականացնելու համար հեղինակը շվեյցարական արխիվներում ուսումնասիրել է մոտ 3000 նյութ, օգտվել է թե՛ ազգային, թե՛ Բեռնի, Ցյուրիխի, Ժնևի, Լոզանի արխիվներից։
«Բավականին շատ նյութեր կային՝ նամակներ, օրագրություններ, ականատեսների վկայությունները, որտեղ ներկայացված էին այդ ընթացքում Արևմտյան Հայաստան այցելած մարդկանց պատմությունները։ Այդ բոլորը պահպանվում են Շվեյցարիայի արխիվներում»,- ասաց Աբել Մանուկյանն ու նկատեց, որ այնտեղ շարունակում են մնալ չուսումնասիրված շատ նյութեր։
Հեղինակը հայտնեց, որ գիրքը հրատարակելու առաջարկը եղել է Շվեյցարիայի ավետարանական բարեկարգյալ եկեղեցու կողմից։ «Այդ եկեղեցին ցեղասպանության տարիներին Շվեյցարիայում կազմակերպել է հայանպաստ շարժում, բողոքի ցույցեր ու ստորագրահավաքներ, որպեսզի իրենց իշխանությունը միջամտի մեծ տերություններին՝ Սուլթան Համիդի վրա ճնշում գործադրելու և հայկական կոտորածները դադարեցնելու համար»,– ասաց նա։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ այս գրքում ներկայացված են ոչ միայն անժխտելի փաստեր ցեղասպանության մասին, այլև հայ ժողովրդի քաղաքակրթության մակարդակը։ «Սա շատ կարևոր է։ Օտար ընթերցողը պետք է իմանա, թե ինչ քաղաքակրթական մակարդակ ունեցող ժողովրդի հետ է ցեղասպանություն տեղի ունեցել»,- ընդգծեց նա։
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆարյանն էլ կարևորեց, որ հեղինակին հասու են եղել Ազգերի լիգայի արխիվային փաստաթղթերը, որոնց մի մասն առաջին անգամ է մտցվում գիտական շրջանառության մեջ։ «1915 թվականի հունիսին, երբ թուրքական իշխանությունները սկսել էին գործադրել կեղծիքների իրենց քաղաքականությունը, ամենալկտի ձևով հերքում էին կոտորածների փաստը, շվեյցարական մամուլն անդրադարձել է այս երևույթին և բազմաթիվ փաստերի վրա ցույց տվել, որ պաշտոնական ներկայացուցիչներն ուղղակի ստում են»,– ասաց նա։







