«Նկարիչը մշտապես ունենում է ոգեշնչվելու առիթ». Նկարիչների միությունում բացվեց Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը

13:31 • 23.06.18

 

Ազգային հայրենասիրական ոգի, կնոջ և բնության ներդաշնակություն. Հայաստանի Նկարիչների միությունում թեմատիկ այս ուղղվածությամբ բացվեց ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ-ի Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը, որին նկարիչը ներկայացրել էր 80 աշխատանք՝ հիմնականում նրա վերջին շրջանի ստեղծագործությունները։ Կային նաև թվով 10 կտավ` 70-ական թվականներից:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ինչպես կերպարվեստի, այնպես էլ արվեստի այլ բնագավառի ստեղծագործողներ, հանրային ու քաղաքական գործիչներ: Tert.am Life-ը ներկա է եղել ցուցահանդեսի բացմանը, շրջել ցուցասրահով, լուսանկարել միջոցառման հյուրերին ու զրուցել նկարչի հետ:

 

Արվեստաբան Վիգեն Ղազարյանը Կարեն Աղամյանին ճանաչում է 5 տարեկանից, երբ միասին ուսանում էին Պիոներ պալատում: Ողջունելով ընկերոջը անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ` նա ընդգծեց՝ նկարչի տաղանդը փոքր տարիքից է վառ արտահայտված եղել. «Նա դեռ 5 տարեկան էր, երբ սկսեց նկարել, դեռ այն ժամանակ բազմաթիվ մրցանակներ էր բերում արտերկրից: Ես կուզեի հիշատակել մեծ ուսուցչին՝ Գագային` Գագիկ Ղազարյանին, որի սաներն ենք եղել ես ու Կարենը: Շնորհավորում եմ այս հիանալի ցուցահանդեսի համար և ուրախ եմ, որ այդքան զբաղվածության հետ մեկտեղ, Կարենն այսքան նկարներ է արել, շատերն էլ հիմա ներկայացված չեն ցուցասրահում»:

 

 

 

Tert.am Life-ի հետ զրույցում Կարեն Աղամյանը դժվարացավ առանձնացնել իր ամենասիրելի աշխատանքը, թեև երկուսի մասին առանձնահատուկ ոգևորությամբ խոսեց: Մեկը՝ ազգային հերոս Մոնթեի նկարն է, մյուսը «Գաղթ» կոչվող կտավը, որը Կարեն Աղամյանը նկարել է Հայոց Ցեղասպանության 95 –րդ տարելիցի ժամանակ:

 

«Ցուցահանդեսի համար խորագիր չեմ ընտրել։ Կարծում եմ, որ դա կարևոր չէ: Կարելի ասել՝ ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ մի քանի գործեր նվիրել եմ ազգային, հայրենասիրական թեմային, մնացյալը կնոջ և բնության միջև կապի, կնոջ գովաբանությանը: Գուցե, դրանք առանձին ներկայացվելիք թեմաներ են, բայց որոշեցի մեկտեղել մեկ ցուցահանդեսի մեջ»,-ասաց նա:

 

Նկարիչը նշեց, որ վրձինը ձեռքն առնելու համար երբեք առանձնահատուկ պահի չի սպասում, քանի որ ոգեշնչման աղբյուրն անսպառ է. «Եթե չոգեշնչվես ինչ-որ բանով, չես նկարի: Նկարիչը (իհարկե, եթե նկարիչ է, այլ ոչ թե պատկեր արտատպող) մշտապես ունենում է ոգեշնչվելու առիթ: Եթե դու հետաքրքիր ես նայում կյանքին, կյանքն էլ քեզ, միշտ ունենում ես թեմաներ, որոնք կարող ես արտահայտել»:

 



Ցուցահանդեսին ներկա արվեստագետները համոզված էին Աղմայանի վրձինն ապացուցում է, որ նա կարողանում է ամեն կարգի աշխատանք ստեղծել։ Նրանք Աղամյանի արվեստը որակեցին ինտելեկտուալ, իսկ նրան՝ մտածող նկարիչ:

 

«Շատ հետաքրքիր թեմատիկայով ցուցահանդես է: Ես հաճույքով նայեցի բոլոր նկարները: Շատ գործեր կային, որոնք չէի տեսել, հատկապես, վաղ շրջանում արված: Աղամյանի ձեռագիրը տարբերվում է՝ իր մոտեցման, ձևի, գույնի առումով: Շատ անգամ նա լույս ու ստվերի խնդիր է դնում, օբյեկտիվ ստվեր է ընկնում իր նկարների մեջ: Ինչու ոչ՝ սյուրռեալիստական մտածողություն կա նրա կտավներում»,-մեզ հետ զրույցում ասաց նկարիչ Տիգրան Ասատրյանը:

 

Անհատական ցուցահանդեսից մեկ շաբաթ առաջ Կարեն Աղամյանը գտնվում էր Ուկրանիայում, որտեղ աշխարհի տարբեր երկներից 20 նկարչի հետ մասնակցել է «Լավագույն արվեստագետ/ The best artist 2018» միջազգային գեղարվեստական պլեներին, եղել է հանձնաժողովի անդամ:  Ուկրաինայի Վիննիցա քաղաքում՝ «Պատկերասրահ XXI»-ում, բացվել է նաև նկարչի անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված են եղել նրա՝ թվով 12 աշխատանք:

 

 

 

 

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

«Նկարիչը մշտապես ունենում է ոգեշնչվելու առիթ». Նկարիչների միությունում բացվեց Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը