Պարային ռիթմեր Կասկադում. Dwayne Dopsie and the Zydeco Hellraisers ամերիկյան խմբի համերգը Երևանում

12:22 • 05.07.18

 

Կասկադը կենսուրախ ու պարային ռիթմերի ներքո. երեկ կայացավ Dwayne Dopsie and the Zydeco Hellraisers ամերիկյան խմբի բացօթյա համերգը Գաֆէսճեան քանդակների պարտեզում։ Այն նվիրված էր ԱՄՆ-ի անկախության օրվան: Երևանում նրանց համերգին մի մասը հետևում էր հանդիսատեսի համար նախատեսված շարքերից, մյուսներն էլ հարմար տեղավորվել էին Կասկադի աստիճաններին ու վայելում էին աշխույժ, պարային ռիթմերով երեկոն:

 

Tert.am Life-ը ներկա է գտնվել բացօթյա համերգին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու խմբի մենակատար Դուեյն Դոպսի հետ զրուցել իրենց երաժշտական ուղղության և Հայաստանից ստացած տպավորությունների մասին:

 

Համերգի սկզբում ներկաներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Ռիչարդ Միլսը: Նա նկատեց, որ զայդեկո ոճը ներկայացնում է ինքնատիպ ու աշխույժ ռիթմերով երաժշտություն, որն ակամայից բոլորին ստիպում է պարել:

 

 

«Շատ առումներով զայդեկոն ամերիկյան ոգու մարմնավորումն է արտահայտված երաժշտության միջոցով: Այն մեկտեղում է տարբեր ավանդույթներ, հնչյուններ, ձայներ ու մեղեդիներ՝ ստեղծելով կենսուրախ ու աշխույժ մի բան, որը նոր է, ուշագրավ ու հուզիչ: Եվ դա հենց այն է, ինչն ամենալավն է ստացվում Ամերիկայում», -ասաց Ռիչարդ Միլսը:

 

Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր ազատ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ: Բացի այդ, այս երաժշտությունը ճանաչելի է նաև չժանգոտվող պողպատյա ակոսավոր թիթեղից պատրաստվող հարվածային մի ինքնատիպ գործիքի՝ «լվացքի տախտակի» կիրառմամբ, որի տեսքը հիշեցնում է հնում կիրառվող լվացքի մզման տախտակը:

 

«Գրեմմի» մրցանակի առաջադրված Dwayne Dopsie and the Zydeco Hellraisers խումբը ղեկավարում է ամերիկացի ակորդեոնահար Դուեյն Դոպսին, որի հայրը՝ Ռոքին Դոպսին, զայդեկո երաժշտության առաջամարտիկներից է եղել:  

 

 

Tert.am Life-ի հետ զրույցում Դուեյն Դոպսին նշեց, որ Հայաստանում իրենց երաժշտությունը ներկայացնելու հնարավորությունը բաց թողնել չէին կարող: Նրանց տպավորել է հայ հանդիսատեսի արձագանքը, գուցե, դեռևս անծանոթ երաժշտությանը:  

 

«Երեկ երեկոյան ԱՄՆ դեսպանատան բացօթյա միջոցառմանը մեր կատարումներից հետո հասկացա, որ այստեղ հանդիսատեսը սիրով է ընդունում մեր երաժշտությունը: Երբ հնարավորություն ընձեռվեց գալ Հայաստան և ներկայանալ համերգով, անմիջապես համաձայնեցի, որովհետև Լուիզիանայից, թերևս, ոչ ոք աշխարհի այս հատվածում չի ներկայացրել այս երաժշտությունը»,- ասաց  Դոպսին:

 

Նա զայդեկոն բնորոշեց որպես կենսուրախ և աշխույժ երաժշտություն, որը ոչ միայն լսելով, այլև պարելով ես վայելում: Դոպսին նշեց, որ  հասցրել է լինել Հայաստանի շատ տեսարժան վայրերում. «Այսօր մեր վերջին օրն է Հայաստանում, բայց հասցրել եմ շատ տեղերում լինել, ինչպես օրինակ, Գառնու տաճարում, տեսել եմ նաև 14-րդ դարի եկեղեցի»:

 

Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը արժանացել է բազմաթիվ մրցանակների, իսկ 2018-ին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ ավանդական ամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի անվանակարգում: 

 

 

 

 Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Պարային ռիթմեր Կասկադում. Dwayne Dopsie and the Zydeco Hellraisers ամերիկյան խմբի համերգը Երևանում