Դարեն Արոնովսկին վարդավառ ապահովեց «Ոսկե ծիրանի» բեմում. տեղի ունեցավ 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը

12:30 • 09.07.18

 

Հայաստանի մշակութային կյանքում սպասված և կինոաշխարհում տոնի վերածված «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի հոբելյանական էր: Հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինփառատանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեպսաններ, կինոարվեստի հայտնի հայ ու օատարզգի ներկայացուցիչներ:

 

Tert.am Life-ը ներկա է եղել փառատոնի բացմանը, կարմիր գորգի արարողությանը և ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:

 

Հոբելյանական «Ոսկե ծիրան» կինփոռաատոնն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: Փառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը նկատեց, որ փառատոնի 15 տարվա կենսագրության մեջ ունեցած արդյունքները շոշափելի են թվերի տեսքով:

 

 

 

«15 տարվա ընթացքում հասել ենք նրան, որ 3 հազար հանդիսատեսը դարձել է 40 հազար, 15 մասնակիցը՝ 150 մասնակից: Այս 15 տարիների ընթացքում բավականին մեծ փորձություններով անցանք, մեծ ուրախություններով և դժվարություններով: Այսօր շնորհակալություն հայտնելու օրն է: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր փառատոնի բացման օրվանից մինչև այսօր մեր կողքին են ու գնահատում են մեր աշխատանքը»,- ասաց Խաչատրյանը:

 

Կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները նախ անցան կարմիր գորգով, լուսանկարվեցին, ապա շտապեցին դահլիճ հետևելու բացման արարղությանը: ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարմիր գորգին լրագրողների հետ զրույցում փաստեց՝ «Ոսկե ծիրանը» իրապես սպասված իրադարձություն է մշակութային կյանքում: Նա նշեց, որ մոտ ժանականերում արդեն փառատոնի հիմնադիրների հետ քննարկելու են հաջորդ տարվա փառատոնի ծրագիրը՝ փորձելով նոր մտքեր ներմուծել:

 

«Շատ կարևորում եմ նաև հյուրերի ցանկը, ժամանում են համաշխարհային մակարդակով ճանաչում ունեցող արվեստագետներ: Փառատոնը շարունակություն պետք է ունենա: Պետք է շարունակվի ոչ միայն նույն ռիթմով, նույն ոգով, այլև նորովի ներկայացնելով մեր արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս տարի ոչ միայն հոբելյանական է «Ոսկե ծիրանի» համար, այլև ունի ֆրանկոֆոնիային նվիրված հատուկ ծրագիր: Սա նշանակում է, որ կինոփառատոնների միջազգային քարտեզի վրա մենք ունենալու ենք մեր ուրույն տեղը», -ասաց նախարարը:

 

 

Փառատոնի բացման արարողությունը վարում էին Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Միջոցառման ընթացքում էկրանին ցուցադրվեց «Ոսկե ծիրանի» 15 տարիների վավերագրությունը պատմող տեսանյութ: Արարողությանը դահլիճում ներկա հյուրերին և փառատոնի մասնակիցների տեսաուղերձով ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հատուկ շնորհավորում եմ մեր հյուրերին, որոնք եկել են մի երկիր, որն ապրում է նոր հույսով, որը շարժվում է նոր շնչով, նոր լավատեսությամբ, լի է նոր էներգիայով և լավատեսությամբ է նայում դեպի ապագա։ Ես հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները երբևէ իրենց արտահայտությունը կգտնեն կինոյում։ Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին։ Նրանք հնարավորություն կունենան ստեղծելու նորանոր և բազմաթիվ գլուխգործոցներ»,- ասաց վարչապետը:

 

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ «Գողթ» խումբը, «Հովեր» կամերային երաժշտական խումբը: Դահլիճին իր կատարմամբ ոգևորեց նաև Հասմիկ Պապյանը:

 

 

Կինոփառատոնի բացմանը ներկայացվեցին լիամետրաժ խաղարկային, վավերագրական և արտամրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերը: Նրանց թվում էին Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի և այլ միջազգային փառատոններում ներկայացված ֆիլմերը:

 

Այս տարի փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցեն և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Արա Վահունու և Ալբերտ Մկրտչյանի անվանական աստղերը՝ ի հիշատակ անվանի կինոգործիչների 80–ամյա հոբելյաններին:

 

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»: Փառատոնի պատվավոր հյուրն է Ջանֆրանկո Ռոզին, որի վավերագրական ֆիլմը` «Հրավառ ծովը», առաջին վավերագրականն է, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակի: Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր, իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադին: Ժյուրիի կազմում են անգլիացի կինոռեժիսոր և օպերատոր Լարի Սմիթը, որը երկար տարիներ աշխատել է հանրահայտ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ և Բեքի Փրոբստը, որը 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:

 

 

 

Requiem for a Dream, Black Swan, The Fountain, Pi և այլ հոլիվուդյան ֆիլմերի հեղինակ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Դարեն Արոնովսկին փառատոնի շրջանակում կխոսի իր աշխատանքների մասին և կպատասխանի հանդիսատեսի հարցերին: Փառատոնի բացմանը հանրահայտ կինոռեժիսորին բեմահարթակ հրավիրեց նրա ֆիլմի՝ «Սև կարապի» հերոսուհու կերպարանքով պարուհին: Արոնովսկին բեմ բարձրանալուն պես նկատեց. «Շնորհակալ եմ պարուհուն: Նա նույնքան խենթ է, որքան իմ «փախած» ֆիլմերն են: Շատերը իմ ֆիլմերը դիտելիս մտածում են՝ ես ագրեսիվ եմ տրամադրված դիտողի հանդեպ,-ասաց Արոնովսկին, ապա  հանդիսատեսի հետ կիսվեց Հայաստան այցի առաջին տպավորություններով,- Ես եկա Հայաստան, իմ հետևից ընկան ութ երեխա, սկսեցին վրաս ջուր լցնել: Պարզվեց՝  ջրի տոն է և դրանով մարդիկ իրենց մեղքերն են լվանում»։ Ռեժիսորը նույն ոգևորությամբ ձեռքի ջրի շշով ջուր ցողեց իր ու հանդիսատեսի ուղղությամբ:

 

ՀՀ Մշակույթի նախարարն Արոնովսկուն  հանձնեց փառատոնի խորհրդանշական՝ Փարաջանովի անվան մրցանակը: Միջոցառման ավարտին՝ փառատոնի բոլոր համահիմնադիրները միասին ազդարարեցին «Ոսկե ծիրանի» բացումը:

 

 

Լուսնկարները՝ Զոհրաբ Զոհրաբյանի

Դարեն Արոնովսկին վարդավառ ապահովեց «Ոսկե ծիրանի» բեմում. տեղի ունեցավ 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը