«Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել արտաքինիս». Արամ MP3–ն` նոր ֆիլմի համար արած ոճային փոփոխության և քաղաք մաքրող հերոսի մասին

17:27 • 11.07.18

 

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն այս օրերին Երևանում նկարահանում է «Ազնիվ գողեր» աշխատանքային վերնագրով կատակերգությունը։ Tert.am Life-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում, բեքսթեյջ լուսանկարներ արել ու զրուցել գլխավոր հերոսի դերակատար Արամ MP3-ի հետ։

 

Խոսելով հերոսի մասին` դերասանը նկատեց, որ նա բարի, մաքրասեր, ձգտումներով, բայց և անհաջողակ տղա է, որը կյանքի որոշակի փուլում հասկանում է, որ պետք է վերանայել իրեն, իր քայլերն ու շրջապատը։ Ընկերոջ խորհուրդը նրա համար մոտիվացիա է դառնում առաջընթացի մասին մտածելու համար։

 

«Հերոսս զբաղվում է քաղաքի մաքրությամբ, շատ է սիրում իր աշխատանքը, բայց հասկանում է, որ միայն դա քիչ է։ Կերպարս ռիսկերի գնալ շատ չի կարողանում, քանի որ  մինչև այդ կյանքը նման հնարավորություն չի ունեցել։ Ընկերոջ խորհրդով սկսում է ռիսկային քայլերի գնալ։ Ուզում է ավելի զարգացնել իր մասնագիտությունը և սկսում է աշխատել այդ ուղղությամբ,– պատմեց Արամն ու նկատեց, որ իրենց ընկերախումբը հետաքրքիր գույներ ունի,– միշտ չէ, որ ընկերական շրջապատում բոլորը հաջողակ են։ Միշտ կա մեկը, որը ծիծաղելի է, մյուսը անտեղի բաներ է ասում, երրորդը բարձր է խոսում։ Հավաքված են կյանքից վերցրած կերպարներ, իհարկե, մի քիչ գրոտեսկ կա, քանի որ կատակերգություն է»։

 

 

Արամն այս անգամ հանդիսատեսին կներկայանա իր համար անսովոր կերպարով։ «Վերջին 4 տարում չէի սափրվել, ֆիլմի համար սափրվեցի։ Ինձ համար դա ռիսկային էր, քանի որ վաղուց ինքս ինձ չէի տեսել սափրված։ Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել։ Առավել ևս, որ նկարահանումներին զուգահեռ «Լավ երեկոն» շարունակվում էր, սափրված մտնում էի եթեր, հետո չէի ուզում ինձ տեսնել։ Մարդկանց մի մասն ասում է, որ սազում է, մի մասն ասում է` ոչ, իմ կարծիքով` այսպես ինձ չի սազում, չեմ հավանում կերպարի արտաքինը, սակայն ռեժիսորն այդպես է խնդրել»,– ասաց նա ու նկատեց, որ սանրվածքն էլ են փոխել։

 

Որքան էլ զարմանալի է, գլխավոր հերոսը սիրային գիծ չունի։ Արամը սա համարում է ռիսկային, բայց և հետաքրքիր մոտեցում։ «Գոռը որոշել է, որ սիրային գիծ չլինի։ Կարծում եմ` ռիսկի է գնացել, որովհետև սովորաբար դա հաղթաթուղթ է, սակայն պետք է նշեմ, որ սցենարը կարդալիս սիրային գծի բացակայությունն ինձ չէր խանգարում։ Նույնիսկ մոռանում եմ, որ նման բան կա։ Մեր ընկերների մեջ կա աղջիկ, սակայն չես էլ  մտածում իրենց կապելու մասին, որովհետև զարգացման ուղղությունը, մոտեցումն այլ է»,– նկատեց դերասանը։

 

 

Երևանի մաքրությամբ զբաղվող տղայի մարմնավորելն իր բարդություններն է ունեցել, քանի որ ամռան շոգին Արամն ու նկարահանող անձնակազմը ստիպված են եղել մի ամբողջ օր անցկացնել աղբատար մեքենայի մոտ։ «Ամռան նկարահանումներն ունեն իրենց բացասական կողմը, քանի որ շատ շոգ է, այս տարի` հատկապես։ Նկարահանումներից մեկի ժամանակ կանգնած էինք աղբատար մեքենայի մոտ։ Որքան էլ մեքենան մաքուր լինի, երբ արևը վառում է, աղբատար մեքենայի կողքին կանգնելն այդքան էլ հաճելի չէ։ Այդ մեքենայի մոտ շատ երկար նկարահանում ենք ունեցել։ Մի քանի օր ամեն ինչից այդ հոտն էի առնում»,– հիշեց Արամը։

 

Դերասանն ու ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը վաղեմի ընկերներ են, սակայն առաջին անգամ են համագործակցում։ «Գոռի աշխատանքներին միշտ հետևել եմ, ուզում էի աշխատել իր  հետ։ Փորձում եմ նկարահանման  տաղավարում չխառնել ընկերությունն ու աշխատանքը։ Նկարահանման հրապարակում նա ռեժիսորն է, ես  կատարողը։ Այդ առումով երկուսս էլ պրոֆեսիոնալ ենք մոտենում հարցին»,– ասաց նա ու հավելեց, որ այս թիմի հետ աշխատելն իր համար հաճույք է։ Ամենամեծ առավելությունը, ըստ դերասանի, համակարգված աշխատանքն է։ «Հայաստանում դժվար է լինում մասնակցել նկարահանումների և պահպանել գրաֆիկը, միշտ խնդիրներ են  առաջանում։ Այս կազմում մինչև հիմա նման հարց չի եղել։ Կարողանում ես ֆիլմի նկարահանումներին զուգահեռ ապրել նաև քո կյանքով, լինել ընտանիքիդ հետ, որպեսզի դեմքդ չմոռանան»,– նկատեց նա։

 

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

«Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել արտաքինիս». Արամ MP3–ն` նոր ֆիլմի համար արած ոճային փոփոխության և քաղաք մաքրող հերոսի մասին