«Բառացիորեն գումար էի մուրում, որ նկարահանեմ «Սև Կարապը»». աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին՝ իր ֆիլմերի, ռեժիսոր դառնալու և Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին
Requiem for a Dream, Black Swan, The Fountain, Pi և հոլիվուդյան այլ ֆիլմերի հեղինակ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի շրջանակում հանդիպում-զրույց ունեցավ հայ հանդիսատեսի հետ՝ նրանց պատմելով իր ռեժիսորական աշխատանքի գաղտնիքներն ու այդ ճանապարհն ընտրելու պատմությունը:
Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու Արոնոֆսկու մտքերը:
Արոնոֆոսկին նկատեց, որ ռեժիսոր լինելը նվագախմբի ղեկավար լինելու պես մի բան է, բոլոր գործիքները՝ փողային, լարային... պետք է տեղում լինեն ու համահունչ նվագեն: Սա ռեժիսորի միակ համեմատությունը չէր. «Ֆիլմ նկարելն ամուսնության պես մի բան է: Միշտ չէ, որ ներդաշնակություն է լինում: Շատ կուզեի, որ ֆիլմարտադրությունն արվեստ լիներ, բայց բյուրոկրատիա է: Անվտանգության, փողի, ժամանակի գործոնները շատ քիչ տեղ են թողնում արվեստի համար»:


Դահլիճից Արոնոֆսկուն ուղղված հարցերը բազմաթիվ էին: Նրանից հետաքրքրվեցին, թե ինչպես որոշեց դառնալ ռեժիսոր, արդյոք դա համարում է իր առաքելությունը կյանքում։ «Ֆիլմ նկարելը պատահականություն էր ինձ համար: Երբ գնացի համալսարան, առաջին 1–2 տարին չգիտեի` ինչ եմ ուզում դառնալ: Հանրակացարանի նույն սենյակում ինձ հետ նկարիչ էր ապրում, որն ամեն անգամ գերազանց գնահատականներ էր ստանում իր աշխատանքների համար: Ես գրում էի ինչ-որ բաներ ու միշտ միջակ գնահատականներ ստանում: Հետո սկսեցի արվեստն ուսումնասիրել, մոնտաժ անել ու ցանկություն առաջացավ գնալ այդ ճանապարհով»,– հիշեց նա։
Արոնոֆսկին իրեն որակեց որպես պատմողի, մարդու, որը պատկերաշարի է վերածում մարդու գլխում կատարվողը: Մարդկային էմոցիաները, ըստ նրա, բոլորի մոտ նույնն են, պարզապես, դրանց առաջացման դրդապատճառներն են տարբեր և այդ ամենը պետք է կարողանաս վերարտադրել: Ռեժիսորը պատմեց Pi առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի ստեղծման մասին, ասաց, որ դրա ստեղծումից դեռ 5 տարի առաջ ցանկություն է ունեցել նման ֆիլմ նկարահանել, բայց չի ստացվել:
Անդրադառանալով «Շատրվան» ֆիլմին, որն ի սկզբանե արժանացավ քննադատության և միանշանակ ընկալում չունեցավ շատերի կողմից, Արոնոֆոսկին նշեց. ««Մայրը» և «Շատրվանը» հասարակության կողմից ամենաատելի ֆիլմերն են եղել ստեղծվելու պահից, բայց ժամանակի ընթացքում կարծում եմ, դրանք կդառնան սիրված: Այդ երկու ֆիլմերն իմ զավակներն են»,- ասաց նա և ավելացրեց, որ «Շատրվանը» ֆիլմի օրիգինալ տարբերակի համար ավելի մեծ բյուջե էր նախատեսված, հետո այն կրճատել են:

Ի դեպ, այս ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։ «Ֆիլմ ստեղծելուց առաջ պետք չէ նախապես մտածել նրա կոմերցիոն հաջողության մասին, քանի որ դա անկանխատեսելի է: Երբ փորձում էի ի մի բերել «Սև Կարապը» ֆիլմի սցենարը, Նատալի Պորտմանն էլ պատրաստ էր խաղալու ֆիլմում, գումար չկար ֆիլմի նկարահանման համար: Ես բառացիորեն գումար էի մուրում, որ այդ ֆիլմը նկարեի: Երբեք չգիտես՝ ինչպիսի հաջողություն կունենա ֆիլմը»:
Հանդիսատեսին ամենից հետաքրքրող հարցը, որը հնչեց երկու անգամ, բայց այդպես էլ հստակ պատասխան չստացավ, <Մայրը> ֆիլմի մասին էր։ ««Մայրը» ֆիլմի դեղին փոշին ի՞նչ էր: Գիշերները քունս կորցրել եմ այդ մասին մտածելու պատճառով»,-ասաց հանդիսատեսից մեկը, իսկ Արոնովսկին կես կատակ, կես լուրջ պատասխանեց. «Երևի այսօր էլ չքնեք գիշերը: Ներեցեք, բայց ամեն հարցի չէ, որ պատասխանում եմ»:
Ո՞վ է Արոնոֆսկու հանդիսատեսը, դահլիճից հնչած այս հարցին ի պատասխան, ռեժսիորը նկատեց, որ ֆիլմ նկարելիս չի մտածում, թե ովքեր են այն դիտելու, բայց և բնորոշեց՝ իր ֆիլմերի հասցեատերերը մարդիկ են, որոնք ուզում են տարբերվող մի բան տեսնել:
Լինելով աթեիստ, ինչպե՞ս է իրեն զգում առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում, ռեժիսորը նախընտրեց չպատասխանել, միայն ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ինձ ողջունում է: Ես երջանիկ եմ: Կարծում եմ՝ դուք կհանդուրժեք իմ ներկայությունը:)»


Արոնովոսկին դժվարացավ նշել, թե կոնկրետ ի՞նչն է իրեն ոգեշնչում ֆիլմեր նկարելիս, բայց նկատեց, որ ոգեշնչվել կարելի է շատ բաներից: Արոնոֆսկին նշեց, որ ինքն իր ֆիլմերը դիտել չի սիրում. «Դա անիմաստ ժամանակի վատնում է: Նույնն է, որ քեզ նայես հայելու մեջ կամ ինստագրամով քո նկարներն անընդհատ նայես»:
Ի՞նչ հարց կցանկանայիք, որ ձեզ տային և ինքներդ ձեր սիրելի ռեժիսորին ի՞նչ հարց կուղղեիք, այս հարցերին ի պատասխան Արոնոֆսկին նկատեց. «Ես այդքան խելոք չեմ նման հարցերի պատասխանելու համար: Օրինակ՝ ինձ կարող եք հարցնել սիրո՞ւմ եք Հայաստանը, ես կասեմ՝ իհարկե: Ինձ ավելի շատ հաճոյախոսություններն են դուր գալիս, քան հարցերը»։
Հնարավո՞ր է Արոնոֆսկին Հայաստանում էլ որոշի ֆիլմ նկարահանել, ռեժիսորը չբացառեց. «Ինչու ոչ, հնարավոր է»:
Հանդիպումը հանրահայտ ռեժիսորի հետ անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում՝ չնայած, որ հարցերը շատ էին՝ ժամանակը սուղ: Արոնոֆսկուն դահլիճը ինչպես դիմավորեց, այնպես էլ ճանապարհեց ծափահարություններով:
















Լուսանկարները՝ Զոհրաբ Զոհրաբյանի







