«Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան պրեմիերան և հուզիչ դրվագները

14:35 • 16.07.18

 

«Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային–ակադեմիական թատրոնում շաբաթ օրը կայացավ ներկայացման երևանյան պրեմիերան։

 

Տոմսերի մեծ վաճառք ապահոված ներկայացման իրադարձությունները ծավալվում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմնված են իրական դեպքերի վրա։ Պիեսի հեղինակն  Անահիտ Աղասարյան է։ Այն գրվել է հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձևավորումն արել է  Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը`  Լուսինե Խաչատրյանը, կոմպոզիտորը Հայկոն է։

 

Երկու գործողությամբ պիեսը թիկունքի, հերոսների ծնողների, հարազատների մասին է, սակայն նուրբ թելով ներկայացվում են նաև այն տղաները, որոնք պատերազմի ժամանակ շտապեցին առաջնագիծ։

 

 

Պիեսում առանցքային է դառնում երկու ընկերների խոսակցության մի դրվագ, երբ պատերազմ գնալու մասին երբևէ չմտածած տղան ընկերոջը, ի միջի այլոց,  հարց է տալիս` սահմանը պահած տղաները հերո՞ս էին, որ գնացին պատերազմ, թե՞ պատերազմ գնալուց հետո դարձան հերոս։ Ինչպես կյանքում է հաճախ լինում, դիալոգը կիսատ է մնում, խոսքի մեջ տրված հարցն այդպես էլ օդում կախված է մնում ու իր պատասխանը գտնում է իրականության մեջ, երբ Ապրիլյան պատերազմի ժամանակ առանց երկար մտածելու ինքն է մղվում առաջնագիծ ու դառնում հերոս։

 

Անահիտ Աղասարյանի ձեռագրին համաձայն` պիեսը համեմված է մեր կենցաղի իրական դրվագներով, կենցաղային խոսակցություններով, միաժամանակ, անդրադառնում է մեզ հուզող խնդիրներին` Հայաստանից արտագաղթած ու Հայաստանում մնացած մարդկանց  հավերժական պայքարին, հայրենիքին, կառավարությանը դժվարությունների մեջ մեղադրելուն, հայրենիքը սիրելուն։ Պիեսում տեղ են գտել այն թեմաները, որոնք առօրյայում էլ հաճախ են քննարկման առարկա դառնում։

 

 

Թեև ներկայացումը լի է էմոցիաներով, հատկապես, որ հանդիսատեսին ստիպում է վերապրել ոչ վաղ անցյալում ունեցած ցավն ու հույզերը, այն ավարտվում է ուժեղ նոտայով, ցավի միջից ժպտալու, հանուն զոհվածների հիշատակի կյանքը շարունակելու պարտավորությամբ։

 

Ներկայացման ավարտին հանդիսատեսն արցունքն աչքերին երկար ծափահարեց ստեղծագործական թիմին, հետո միայն հեռացավ դահլիճից։

 

«Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան պրեմիերան և հուզիչ դրվագները