«Սա անվճար ջրի երկիր է». հայտնի բլոգեր Nas Daily-ի պատրաստած տեսանյութը Երևանից
Այս օրերին Երևանում է բլոգեր Nas Daily-ն` Նուսեիր Յասենը, որն արմատներով Իսրայելից է։ Սոցիալական ցանցերում իր ակտիվության շնորհիվ նա ձեռք է բերել ավելի քան 158 հազար հետևորդ Ինստագրամում և 7 միլիոն բաժանորդ Ֆեյսբուքում։
Հայաստանում անցկացվելիք մեկ շաբաթվա ընթացքում բլոգերը կներկայացնի իրեն տպավորած վայրերն ու մարդկանց։ Նուսեիրը փորձում է իր ձեռագիրը ներկայացնել մարդկանց, նրա տեսանյութերը երաժշտության, խոհանոցի մասին չեն, փորձում է նկատել այն, ինչ ուրիշների աչքից կարող է վրիպել։
Իր հետևորդներին 1 րոպե տևողությամբ տեսանյութեր ներկայացնող բլոգերը Հայաստանից արդեն ներկայացրել է իր առաջին տեսանյութերը։ Բլոգերին առաջին հերթին գրավել են Հայաստանի ցայտաղբյուրները, նա Հայաստանը բնութագրել է որպես անվճար ջրի երկիր։
Բլոգերը Երևանում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև ինքն է հարցադրումներ արել հայ հետևորդներին, թե ինչպիսի տեսանյութեր կցանկանային տեսնել Հայաստանի մասին:







