Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայ դպրոցականները` Nas Daily-ի նոր տեսանյութում

12:51 • 18.07.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ այս օրերին Երևանում է բլոգեր Nas Daily-ն` Նուսեիր Յասենը, որը ներկայացրել էր իր պատրաստած տեսանյութը Երևանի մասին և Հայաստանը կոչել անվճար ջրի երկիր։ Բլոգերն արդեն ներկայացրել է իր երկրորդ տեսանյութը։ Յասինին հաջողվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

 

Նյու Յորքում բնակվող բլոգեր Նուսեիր Յասինը ճամփորդում է տարբեր երկրներով ու ամեն այցելության վերաբերյալ մեկ րոպեանոց տեսաանդրադարձեր հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: Նրա նոր տեսանյութը Հայաստանից շախմատի մասին է։

 

Քսանհինգամյա երիտասարդը, որը, ի դեպ, հեղինակավոր Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, իր տեսանյութում զարմանքով պատմում է հայկական դպրոցներում երեխաներին շախմատ սովորեցնելու պրակտիկայի մասին:

 

«Այստեղ բոլոր աշակերտները պարտադիր «Շախմատ» առարկա են անցնում՝ հատուկ դասասենյակներում: Դա նրանց սովորեցնում է՝ ինչպես կենտրոնանալ, զարգացնել ճանաչողական հմտությունները: Հայաստանն աշխարհում շախմատի առումով ամենաուժեղ երկրներից է»,-ընդգծել է բլոգերը:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  տեսախցիկի առաջ խոստովանել է, որ շախմատի մեծ սիրահար է։ Բլոգերը  հանդիպել է նաև շախմատի աշխարհի եռակի չեմպիոն Լևոն Արոնյանին:

 

Դատելով բլոգերի արձագանքից՝ երկրում երեխաներին շախմատ սովորեցնելու պրակտիկան շատ է դուր եկել նրան: Յասինն ընդգծում է, որ դեռ մանկուց երեխաների մեջ կարգապահություն, համբերատարություն, մարտավարություն սերմանելն ու կենտրոնանալու կարողությունը զարգացնելը հնարավորություն կտա  շախմատի գրոսմայստերների աշխարհ ստեղծել: 

 

 

 

Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայ դպրոցականները` Nas Daily-ի նոր տեսանյութում