Ինչպես է անցել Անի Դաշյանի 30-ամյակն ու ամուսնության 3-ամյակը Մոսկվայում

13:09 • 19.07.18

 

Հաղորդավարուհի Անի Դաշյանը, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Մոսկվայում, երեկ նշել է ծննդյան տարեդարձը, իսկ նախորդ օրը իր և Լյուդվիգ Կարապետյանի ամուսնության 3–ամյակը։  Tert.am Life–ի հետ զրույցում Անին պատմել է, թե ինչպես են նշել կրկնակի տոնն ու ինչն է ամենից շատ ոգևորել իրեն։

 

Հաղորդավարուհին պատմեց, որ ամուսնության տարեդարձը նշել են տանը` ընտանեկան ջերմ մթնոլորտում։ «Նվերներով, ծաղիկներով ու ջերմ բարեմաղթանքներով օր ունեցանք»,– ասաց Անին, սակայն նվերները բացահայտել չցանկացավ` դրանք համարելով անձնական։

 

Հաջորդիվ սկսվել է Անիի 30–ամյակի աժիոտաժը։ Ընտանեկան սովորույթի համաձայն` ծնունդը նշել սկսել են կեսգիշերին։ «Ամեն տարի ուղիղ 00:00-ից սկսում ենք տոնել ծննդյանս օրը։ Այս տարին էլ բացառություն չէր` տորթ, մոմեր, երազանքներ ու նվերներ»,– ասաց Անին ու հավելեց, որ օրը շարունակել են Մոսկվայի ժամանցի կենտրոններից մեկում։

 

 

Նա տարեդարձը նշել է ընտանեկան փոքրիկ, բայց շատ ջերմ խնջույքով։ Օրվա ամենամեծ նվերն Անիին մատուցել է մայրիկը. «Ամեն տարի այս օրը ես եմ լինում Երևանում, այս տարի մայրիկս ինձ նվեր մատուցեց ու եկավ մեզ մոտ»։

 

Տորթի մոմերը հաղորդավարուհին փչել է որդու` 2–ամյա Ռոբերտի հետ։ Ասում է` դա  կրկնակի հաճույք ու երջանկություն է իր համար։

 

Հաղորդավարուհին նկատեց, որ շատ է սիրում ծննդյան տարեդարձը և միշտ ոգևորությամբ է սպասում օրվան, հատկապես, սիրում է նվերներ ստանալ։ «Նվերներս տուփերով մի քանի օր սեղանիս դնելու ու այդպիսով տոնական տրամադրությունը պահելու սովորություն ունեմ»,– բացահայտեց Անին։

 

Նա նշեց նաև, որ մեծ հաճույքով է ընթերցում բոլոր շնորհավորենքները, դրանք իրեն շատ են ոգևորում, անհատապես պատասխանում է բոլորին` ի նշան շնորհակալության, որ ժամանակն են տրամադրել իրեն շնորհավորելու համար։ Անին նկատեց, որ ջերմ, բարի ու դրական խոսքերով մարդիկ ամեն տարի մեծ տոնի են վերածում իր օրը։ «Երջանիկ եմ այդ մարդկանցով»,– ոգևորությամբ նկատեց նա։

 

 

Ինչպես է անցել Անի Դաշյանի 30-ամյակն ու ամուսնության 3-ամյակը Մոսկվայում