«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

11:18 • 28.07.18

 

Աստանայում կայացավ «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Ակուլենկոն։ Նրան թագադրեց «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր Շուշան Երիցյանը։ Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Ռոմելլա Թամարյանն արժանացավ  2–րդ «Վիցե Միսս ԱՊՀ» կոչմանը` զբաղեցնելով 3–րդ տեղը։

 

Մրցույթից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Ռոմելլան ոգևորությամբ ասաց, որ արժանացել է նաև «Միսս Արտիստիզմ» անվանակարգի տիտղոսին։ Նա նկատեց, որ հպարտությամբ է գնացել  ներկայացնելու Հայաստանը։ Իր կարծիքով` արժանավայել է ներկայացել։

 

Ռոմելլայի խոսքով` երկար էր նախապատրաստվել մրցույթին, իսկ մրցույթին նախորդող շաբաթը, որը մրցակիցներն անցկացրեցին միասին, բավականին բարդ էր։ «Ծանր շրջան էր, անընդհատ փորձեր, նախապատրաստական աշխատանքներ։ Զբաղվածությունն ու գերհոգնածությունն այնքան մեծ էր, որ երազում էինք քնելու մասին, որպեսզի հաջորդ օրն ի վիճակի լինենք նույն ռիթմի մեջ լինել։ Բավականին խիտ գրաֆիկ ունեինք։ Մի միջոցառումից մյուսին գնալու համար 10 րոպե էինք ունենում հագուստը փոխելու և պատրաստվելու համար։ Միաժամանակ դա հաճելի ու հետաքրքիր զբաղվածություն էր»,– ասաց նա ու հավելեց, որ այս շաբաթվա ընթացքում հասցրել են տարբեր տեղեր այցելել, ֆոտոշարքերի ու բազմաբնույթ միջոցառումների մասնակցել։

 

 

Մոդելը նկատեց, որ Աստանայում իր համար ամենաբարդն առաջին 2 օրն էր, երբ նոր էր ծանոթանում աղջիկների հետ, սակայն հետո հասցրել է ընկերանալ բոլորի հետ։  «Շատ եմ մտերմացել Ուկրաինայի ներկայացուցչի` Տանյայի և Վրաստանի ներկայացուցչի` Աննա Մարիայի հետ։ Բոլոր աղջիկներն էլ լավն են։ Չկա մեկը, որի հետ չեմ շփվում, բոլորի հետ ընկերացել ենք»,– ասաց նա։

 

Ռոմելլան կարծում է, որ մրցակցությունը մեծ էր, քանի որ բոլոր մասնակիցները շատ գեղեցիկ են։ «Կա գեղեցկություն, երբ բոլորը միանման  են, սակայն մրցույթում ընտրված են աղջիկներ, որոնք բացարձակ նման չեն իրար։ Ամեն մեկը յուրովի գեղեցկություն ունի։ Կարծում եմ` այստեղ գտնվող յուրաքանչյուր աղջիկ ունի իր գեղեցկությունը։ Մեկը կարող է շատ ավելի գեղեցիկ լինել, մյուսը` ավելի քիչ։ Դա նորմալ է, սակայն ճաշակին ընկեր չկա»,– ասաց նա։

 

Մրցույթից հետո աղջիկների հետադարձը նախատեսված էր հաջոորդ օրը, սակայն Ռոմելլան որոշել է անմիջապես չվերադառնալ։ Նա ևս մի քանի օր անցկացնի Աստանայում, հետո միայն կվերադառնա Հայաստան։