«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

16:42 • 02.08.18

 

«Միսս ԱՊՀ 2017» Շուշան Երիցյանն օրերս Աստանայում էր, որտեղ թագադրեց «Միսս ԱՊՀ 2018» տիտղոսակրին։ Այսպիսի մրցույթներից յուրաքանչյուրն ունի իր կանոնակարգը, ըստ որի որոշվում է` գեղեցկուհին թագը կփոխանցի նոր տիտղոսակրի՞ն, թե՞ ամեն տարի նոր թագ կպատրաստվի, որը կմնա տվյալ տարվա հաղթողին։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Շուշանը պատմեց, որ կազմակերպիչներն իրեն անակնկալ են մատուցել և թույլ են տվել, որպեսզի իր թագը մնա իր մոտ, իսկ 2018-ի տիտղոսակիր Տատյանա Ակուլենկոյի համար նոր թագ են պատրաստել։

 

«Եթե չեմ սխալվում, մինչև այս թագը փոխանցովի էր։ Չգիտեմ, ինչու որոշեցին նման անակնկալ մատուցել ինձ, բայց շատ հաճելի էր, որովհետև մեծ դժվարությամբ կբաժանվեի իմ թագից։ 1 տարվա ընթացքում շատ ես կապվում թագիդ ու դժվար է այն փոխանցել նոր գեղեցկուհուն»,– ասաց նա։

 

 

Շուշանի խոսքով` թագն իր մոտ պահելը կարևորում է, քանի որ նախ լավ հիշողություն է, բացի այդ, հետագայում կարող է այն ցույց տալ իր երեխաներին, օգտագործել ֆոտոշարքերի ժամանակ և այլն։

 

Մեզ հետ զրույցի պահին Շուշանը Միլանում էր։ Նա ասաց, որ ամառային հանգստի համար երկարատև ճամփորդություն է նախատեսել։ Նախ` եղել է Սոչիում, հետո Աստանայում, որտեղ հանգիստը համատեղել է մրցույթի թագադրման արարողության մասնակցելու հետ, այնուհետև եղել է Մոսկվայում, հիմա էլ Իտալիայում է։

 

«Հիմա Իտալիայում ենք։ Շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Շատ գեղեցիկ տեղերում ենք լինում։ Տպավորված եմ։ Առաջիկայում կմեկնենք Ֆրանսիա, քանի որ հիմա շատ մոտ ենք Ֆրանսիայի հարավին, հավանաբար կլինենք, Նիսում»,– ասաց նա։

 

 

Մոդելը դեռևս չգիտի, թե երբ կվերադառնա Հայաստան, հետադարձ տոմս դեռ չի գնել, վայելում է հանգիստը. «Հավանաբար ևս 2 շաբաթ կանցկացնենք այստեղ։ Որոշել եմ երկար վայելել հանգիստս»։

 

Շուշանը հանգիստը վայելում է ընկերուհու հետ։ Նրա խոսքով` Տաթև Սարգսյանը ևս պետք է միանար իրենց, սակայն վիզայի հետ կապված խնդիր է առաջացել, եթե հնարավոր լինի լուծել այն, շուտով նա ևս կլինի ընկերուհիների հետ։

 

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին