«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից
«Դեպի մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին և ներկայացրել, թե ովքեր են պայքարելու Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու համար։
Tert.am Life–ը ներկայացնում «Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից 9-ամյա Վովային` Վլադիմիր Հովհաննիսյանին, որին հանդիսատեսը կհիշի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլից, որտեղ նա մարմնավորում էր Բեթհովենին։
Վովան ավելի վաղ էր ցանկանում մասնակցել «Մանկական Եվրատեսիլին», սակայն մրցույթի տարիքային շեմը սկսվում է 9 տարեկանից և միայն այս տարի կարող էր հայտ ներկայացնել։
Փոքրիկ երգիչը 6 տարեկանում կարճ ժամանակ սովորել է «Արևիկ» երգչախմբում, այնուհետև Չայկովսկու անվան դպրոցում գործող Հայկոյի ստուդիայում, 7 տարեկանում ընդունվել է Երգի պետական թատրոն ՝ Արթուր Գրիգորիչի մոտ։ Պուշկինի անվան դպրոցի աշակերտը երաժշտությունից բացի զբաղվում է նաև բասկետբոլով ու լողով։ Բացի այդ, սիրում է կոմիքսներ կարդալ ու հորինել սեփականները։

Վովայի մայրը` Սրբուհի Ավագյանը, հայտնեց, որ փոքրիկը ներկայանալու է Գրիգոր Կյոկչյանի հեղինակային երգով։ Նա նկատեց, որ բավականին լավ մրցակիցներ ունեն, որոնք նաև միջազգային մրցույթների մասնակցելու փորձ ունեն, սակայն իրենք էլ ձգտելու են լավագույնս ներկայանալ։
«Առավելագույնն անելու ենք, որ հաղթենք։ Լուրջ թիմով ենք աշխատում։ Բեմադրության ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, պրոդյուսերը՝ Գրիգոր Կյոկչյանը, հագուստի հեղինակը Դիանա Շատվերյանն է, պարուսույցը Քրիստինա Հովակիմյանն է»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ այդ ամենը բավականին ծախսատար է, արձագանքեց, որ այո, մեծ գումարներ են ներդրել, սակայն նաև ակնկալիքներ ունեն մրցույթից. Ըստ էության, սա նրա առաջին մուտքն է որպես երգիչ։ Ուզում ենք վառ ու հիշվող մասնակցություն ունենալ»։ Մայրը վստահ է, որ իր խուճուճներով, լիաթոք ժպիտով ու անսպառ էներգետիկայով Վովան կարժանանա լսարանի գնահատականին։

Վովան ներկայանալու է մանկական սիրո մասին ռիթմիկ երգով։ Մանկական հույզերը, խաղալիքների ու սիրո մասին երգը նաև տեսահոլովակ կունենա։ «Ժամանակակից տենդենցներին համապատասխան, ակտիվ, հիթային երգ է»,– նկատեց երգչի մայրիկը։
Թեև «Նվագախմբի երեխաները» երաժշտական նախագիծ էր, Վովան լսարանին հայտնի չէ որպես անհատ կատարող։ Սրբուհու խոսքով` որդին բեմում բավականին անկաշկանդ է։
«Երգի պետական թատրոնում Վովան մասնակցում էր «Ամենից ամենա» մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին տեղը` ճանաչվելով լավագույն ուսանող։ Մրցույթին մասնակցության ընթացքում 3 ամիս ամեն շաբաթ մի քանի ելույթ էր ունենում։ Շատ ազատ էր ելույթների ժամանակ, հայտնի շատ մարդիկ էլ են նկատել, որ չնայած փոքր է, կոմպլեքսներ չունի։ Կարծում եմ՝ այդ առումով խնդիր չի լինի։ Առավել ևս, որ շատ փորձեր են լինելու։ Արդեն աշխատում ենք բեմադրության վրա»,– ասաց նա ու հավելեց, որ տղան նաև վոկալի անհատական պարապմունքների է գնում:








