«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

15:12 • 04.08.18

 

Ավելի քան 20 տարի է` ԱՄՆ–ում գործում է «Դեմք շոու»–ն, որը տարբեր բեմերում խաղում է  հումորային ներկայացումներ և ձևավորել է իր կայուն լսարանը։ Նախորդ ամիս ավարտվեցին «Ազնիվ գողեր» աշխատանքային վերնագրով նոր ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, իսկ սցենարի, պրոդյուսինգի առումով աշխատանքը թիմային է։

 

Ֆիլմի սոպրոդյուսեր և դերակատար Լևոն Տեր–Պետրոսյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ ինքը մարմնավորում է Վարդանին, որը գլխավոր հերոսի` Արամ MP3–ի կերպարի ընկերն է։

 

«Հենց նա է մոտիվացիա տալիս, որպեսզի գլխավոր հերոսը, որը զբաղվում է քաղաքի մաքրությամբ, մտածի զարգացման մասին։ Ես խաղացել եմ նաև ամերիկյան որոշ ֆիլմերում, սակայն սա  առաջին ֆիլմն է, որտեղ գլխավոր դեր եմ  խաղում։ Այդքանով իսկ նախագծն ինձ համար ռիսկային է։ Միաժամանակ, նկարահանումները շատ հանգիստ են անցել, որովհետև  ընկերներիս հետ եմ աշխատում»,– նշեց նա, ապա ընդգծեց, որ աշխատանքն առաջին հերթին հիմնված է ընկերության վրա։

 

 

Լևոնը վստահ է` ֆիլմը հաջողելու է և դրա նախապայմաններից  մեկը լինելու է հենց այն հանգամանքը, որ աշխատանքը հիմնված էր ընկերության վրա. «Առաջին նախագիծն է, երբ «Դեմք շոու»–ի տղաներով մեր պատկերացրած սցենարն ենք գրել, միասին ներդրում ենք արել, միասին պրոդյուսինգ արել։ Հաջողությունը նրանում է, որ մասնագիտացված լինելուն զուգահեռ ընկերախմբի ուժը, կարողությունն ու տաղանդը դրվում է աշխատանքի մեջ։ Քասթինգն էլ է ընկերական  արվել, Արամը, Ռաֆոն էլ են մեր մոտ ընկերները»։

 

Կարծիքը, որ ընկերությունն աշխատանքում, երբեմն, խանգարում է, Լևոնը չի կիսում. «Եթե ճիշտ ընկերություն է, որևէ տեսակի սահմանափակում չկա և կաշկանդող հանգամանք լինել չի կարող։ Դու կարող ես  գոռալ, ճվալ, հետո փաթաթվել, պաչել ընկերոջդ ու անցնել առաջ։ Ամեն մեկն իրենն առաջ տանելու խնդիր, ամբիցիա չկա»։

 

Ըստ դերասանի` մեկ այլ կարևոր հանգամանք է Գոռի ձեռագիրը։ Երկար տարիներ ԱՄՆ–ում ապրելուց հետո նա կարողանում է այլ հայացքով նկարահանել իր ֆիլմերը։

 

 

«Կարծում եմ` Գոռի  ֆիլմերը հաջողություն են ունենում, որովհետև ձեռագիրն ու մտածողությունն են տարբեր։ Երբ այլ երկրում ես մեծանում, առավել ևս, Միացյալ Նահանգներում, որտեղ տարբեր ազգերի ու մշակույթների ես առնչվում, քո ժանրը, կինոն պատմելու հայացքը տարբեր են լինում։ Գոռի ֆիլմերը սրա համար էլ են հաջողություն ունենում։  ԱՄՆ-ում մեծացած լինելով ու այնտեղի դաստիարակություն ստացած լինելով, Հայաստան գալն ու քո երկրում քո ժողովրդի համար ֆիլմ նկարահանելը նաև անձնական ու հոգեկան բավարարվածության է բերում»,– ընդգծեց նա։

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի