Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

12:13 • 06.08.18

 

Օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտան մի քանի ժամով վերածվել էր Հայաստանի և այլ երկրների ազգային մշակույթն արտացոլող ցուցահանդես-տոնավաճառի: Առիթը «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնն էր, որն անցկացվում է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով:

 

Փառատոնն այս տարի նույնպես բաղկացած էր երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և հայ դիզայներիների հեղինակած տարազային բաղադրիչներով հագուստի ցուցադրություն: Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մասնակիցներին ու հետաքրքիր դրվագները:

 

Ազգային երգ ու պար, տարազներ, զարդեր. ցուցադրված նմուշները բազմապիսի էին: Այս տարի փառատոնին ներկայացված էր 25 տաղավար: «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնն այս տարի նաև հատուկ հյուր ուներ՝ Իսպանիայից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը:

 

 

Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնը զբոսաշրջային տեսնակյունից կարևոր տեղ է զբաղեցնում երևանյան միջոցառումների շարքում: Նա ընդգծեց, որ այս տարի փառատոնին իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի են ընկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններն ու ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնները: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել էին Ղազախստանի, Իսրայելի, Հնդկաստանի դեսպանությունները:

 

«Փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է: Երևանը համախմբում է ազգերը և նրանց մշակույթները: Այս փառատոնի նպատակն է երիտասարդներին, առհասարակ, բոլորին կոչ անել օգտվել հայկական արտադրանքից, իսկ Երևանը ներկայացնել որպես զբոսաշրջային կենտրոն: Այս տարի նաև հոբելյանական տարի է մեր քաղաքի համար: Նշում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Շատ կարևոր է, որ տարբեր ազգերին ներգրավելով այս փառատոնին՝ ցույց տանք, թե Երևանը որքան հյուրընկալ, ջերմ ու բարի քաղաք է»,-ասաց Մարիան:

 

Փառատոնի երկրորդ հատվածում երաժշտական մասն ապահովեց Գողթ համույթը: Ցուցադրությանը մասնակցում էին երեք հայ դիզայներ՝ Գևորգ Շադոյանը, նկարչուհի Սվետլանա Հակոբյանը և «Տերյան մշակութային կենտրոնը»՝ ի դեմս Լիլիթ Մելիքյանի:

 

 

Գևորգ Շադոյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ին այս տարի մասնակցում է «Վերածննդից մինչև Անկախություն» հավաքածուով, որում ներկայացված էին դիզայների նոր հավաքածուից որոշ նմուշներ:

 

«Անցյալ տարի փառատոնին ներկայացրել եմ «Վերածնունդ» հավաքածուն, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Քանի որ այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100-ամյակը, ես արդեն նոր հավաքածու եմ պատրաստում այդ թեմայով: Որոշեցի հավաքածուի մի մասը ներկայացնել այսօր: Դրանք ժամանակակից կտորներից պատրաստված, հին հայկական զարդանախշերով հագուստներ են»,-ասաց նա:

 

Ցուցադրությունը տևեց երկու ժամ: Մոդելները ներկայացրին տարազային տարրեր պարունակող հին ու նոր լուծումների համադրությամբ զգեստներ: Ցուցադրությունն ուղեկցվեց երևանցիների և մեծ թվով զբոսաշրջիկների ուշադիր ու հետաքրքրությամբ լի  հայացքներով:

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները