«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում
Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, թե ինչ փոփոխություններով կմեկնարկի «Էլենի օրագիրը 2» նախագիծը։ Հեռուստասերիալը սեպտեմբերին եթերում կլինի։
Էդգար Իգիթյանին, Իննա Խոջամիրյանին, Սիսիան Սեփանյանին, Մարինկա Խաչատրյանին, Միկա Ղափլանյանին, Հասմիկ Խոջյանին, Հովակ Գալոյանին և Նելլի Խերանյանին կմիանան նոր հերոսներ, որոնցից մեկին մարմնավորում է դերասան Վարուժան Մարգարյանը։
Tert.am Life–ի հետ զրույցում Վարուժանը հայտնեց, որ ներկայանում է ուրախ, թեթև դրական կերպարով, որը Էդգար Իգիթյանի հերոսի` Մաքսի ընկերն է։ Ավելին բացահայտել դերասանը չցանկացավ, որպեսզի հեռուստադիտողների համար հետաքրքիր լինի հետևել ընթացքին։
.jpg?1533652130091)
Հեռուստասերիալի երկրորդ մասի նկարահանումները նոր են մեկնարկել։ Վարուժանը դեռ չի ունեցել աշխատանքային, իսկ անձնակազմի հետ ծանոթությունը կայացել է գլխագրի նկարահանման օրը։ «Շատ լավ տպավորություն ստացա թիմից` ջերմ մթնոլորտ էր։ Թիմում լավ հարաբերութունները շատ եմ կարևորում, քանի որ դա ազդում է աշխատանքի վրա»,– ասաց նա։
Մինչև այս դերասանն անձնակազմից ճանաչել է Սիսիան Սեփանյանին և Գագիկ Մադոյանին։ Ընդհանուր առմամբ, շրջապատն իր համար նոր է, քանի որ նախկինում նրանց հետ երկարատև շփման հնարավորություն չի ունեցել. «Նախագծում ընկերներ չունեմ, սակայն փորձում եմ հեշտ ինտեգրվել նոր միջավայրին։ Ըստ իս` մեր ոլորտում դա շատ կարևոր է, կադրից դուրս հարաբերություններն ազդում են աշխատանքի վրա»։

«Կայարանում» Վարուժանի դեբյուտը գլխավոր դերով էր։ Հեռուստանովելի հերոսին մարմնավորելուց հետո երկրորդական կերպարով ներկայանալը, ըստ դերասանի, խնդիր չէր։ «Այդ հանգամանքն ինձ չէր անհանգստացնում։ Ինձ համար առավել կարևոր էր, որ ես շարունակեմ մնալ իմ մասնագիտության մեջ։ Ես շատ էի ուզում ներկայանալ ավելի երիտասարդ կերպարով, որովհետև Արամի կերպարն ավելի ծանր, լուրջ էր։ Այստեղ կա թեթևություն, ինչն ինձ շատ է գրավել»,– նկատեց նա։
«Էլենի օրագիրն» արդեն կայացած նախագիծ է։ Չի բացառվում, որ երկրպագուները սրտնեղեն որոշ կերպարների բացակայությունից և բարդությամբ ընդունեն նոր հերոսներին։ Վարուժանն այս հարցին մեծ պատասխանատվությամբ է մոտենում։ «Նախագիծն, իրոք, սիրված է։ Դեռ չի մեկնարկել, ֆան էջերն արդեն ակտիվորեն քննարկում են նոր կերպարների մասնակցությունը։ Իհարկե, ունեմ որոշակի մտավախություն։ Այդ զգացումը մեծացնում է պատասխանատվությունս, որպեսզի այնպես ներկայանամ, որ կերպարս սիրվի»,– եզրափակեց նա։







