«Այս տարի շատ ուրախ էի». Սիսիան Սեփանյանը՝ տարեդարձի խնջույքի և ընկերների անակնկալի մասին
«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը երեկ տոնել է տարեդարձը: Դերասանը Թեհրանից տեղափոխվելուց հետո երկրորդ տարին է, որ տարեդարձը նշում է Հայաստանում: Tert.am Life-ի հետ զրույցում Սիսիանը պատմել է կեսգիշերին ընկերների մատուցած անակնկալի և տոնական խնջույքի մասին:
Դերասանը դժվարացավ նշել, թե առաջին շնորհավորանքն ում կողմից է ստացել, միաժամանակ ասաց, որ ծննդյան օրվա տոնական տրամադրությունն ու անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից. «Կեսգիշերին ընկերներս անակնկալ էին պատրաստել: Անսպասելի գնացինք մի վայր, որտեղ էլ նշեցինք տարեդարձս, իսկ հաջորդ օրն արդեն շարունակեցինք տոնական խնջույքով,-ասաց Սիսանը:
Նա նշեց, որ տարեդարձի խնջույքը կազմակերպել է երևանյան ժամանցի վայրերից մեկում մտերիմ ընկերների և գործընկերների միջավայրում: Սիսիանի խոսքով, եղել են տարիներ, երբ ծննդյան օրը առանձնապես նշելու ցանկություն չի ունեցել, սակայն այս տարին ևս բացառություն է եղել:

«ճիշտն ասած, այս տարի էլ տարեդարձս նշելու մտադրություն չունեի և հենց ծննդյանս օրն եմ որոշել, որ անպայման պետք է նշեմ: Տարեդարձը երևի այն օրերից է, որ թե՛ տխուր ես, թե՛ ուրախ, այսինքն այդ հակասությունը կա քո մեջ, բայց այս տարի ես իսկապես շատ ուրախ էի»,-ասաց նա:
Սիսիանը նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ նվերներին: Դերասանի խոսքով, ընկերների կողմից հիմնական մաղթանքները եղել են առողջ լինելն ու կարիերայում հաջողություններ ունենալը: Ինքը, դերասանը, անցնող տարին ձեռքբերումներով լի է համարում:
«Իմ կարիերայում ես ունեցա մի շարք հաջողություններ՝ թե՛ թատրոնում և թե՛ կինոյում: Այդ երկու բնագավառներից ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնք հիմա կարևոր դեր ունեն իմ կյանքում: Ամենակարևոր ձեռքբերումը հենց այդ մարդիկ են»,-եզրափակեց նա:










