Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը

13:04 • 18.08.18

 

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը, որը միավորել էր հայ և արտասահմանցի հայտնի երաժիշտներին: Եռօրյա փառատոնի առաջին օրը բեմահարթակը տրամադրված էր էլեկտրոնային երաժշտությանը:

 

Tert.am Life-ը ներկա է եղել երաժշտական փառատոնի բացմանը, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու մասնակիցներին:

 

«Epic Eye»-ի տարբերանշանի հիմքում երրորդ աչքի գաղափարն է, որի միջոցով կազմակերպիչները նպատակ են ունեցել մասնակիցներին կտրել իրականությունից, բացել նրանց երրորդ աչքն ու հնարավորություն տալ զգալու երաժշտության էպիկ ուժը: Փառատոնի տարածքում երեք օրերին լինելու է նաեւ վրանային քաղաք՝ 3000-ից ավելի մասնակիցների համար:

 

 

 «Epic Eye»-ի հիմնադիրներից Արմեն Գրիգորյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ դեռ նախորդ տարի Ծաղկաձորում անցկացվել է միջազգային ռոք փառատոն, որը ներառվել է ԱՊՀ տարածքում կայանալիք 5 լավագույն երաժշտական փառատոների ցանկում: Այս տարի որոշել են երաժշտական ժանրերն ընդլայնել՝ ավելացնելով էլեկտրոնայինը:

 

«Նման ձևաչափով փառատոն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Երեք օրում, երկու բեմից  10-ից ավելի երաժիշտներ հանդես կգան 12 երկրներից՝ ապահովելով շատ լավ տրամադրություն,-ասաց Արմեն Գրիգորյանը և ավելացրեց, որ փառատոնը լինելու է ամենամյա:  

 

 

Տարածքում գործող երկու բեմահարթակներից մեկում նվագեցին հայ դիջեյներ՝ Serjo-ն, Arik. K-ն, X40-ը, Lucy So՛wa-ն: Ակումբային ռիթմերն ու պարային տրամադրությունը շարունակվեց արդեն հիմնական բեմահարթակից, որտեղ մասնակիցներին սպասում էր հայ դիջեյների՝ Teom-ի, Supacooks-ի ու Գերմանիայից, Լիտվայից հրավիրված հայտնի դիջեյների երաժշտությունը: Մասնակիցները մեծ ոգևորությամբ ողջունեցին Գերմանիայից հայտնի դիջեյ Paji-ին: Հայտնի երաժիշտն ու պրոդյուսերը համադրում է էլեկտրոնային երաժշտությունը դասականի հետ՝ ստեղծելով յուրօրինակ ռիթմեր:  

 

Կեսգիշերն անց բեմահարթակը զբաղեցրեց Լիտվայից հայտնի դիջեյ Ten Walls-ը: Երաժիշտը նվագեց իր արդեն հայտնի ու սիրված գործերից մի քանիսը՝ ստիպելով ամսնակցիներին անվերջ շարժվել: Լիտվացի պորդյուսերի և երաժշտի ամենահայտնի գործը 2014-ին թողարկված Walking with elephants ալբոմն է:

 

Ակումբային ռիթմերն ու պարային տրամադրությունը մասնակիցները վայելեցին մինչև ուշ գիշեր: «Epic Eye»-ի երկրորդ օրը լինելու է ռոք տրամադրություն, որը կապահովեն հայկական ու արտասահմանյան խմբերը, իսկ փառատոնի երրորդ օրը հարթակը կտրամադրվի ալտերնատիվ ռոք կատարումներին:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը