Ինչպես է անցել Գարեջրի փառատոնը Երևանում
Գարեջրի բազմազան տեսականի, բարձր երաժշտություն և զվարճալի խաղ-մրցույթներ. օգոստոսի 18-ին Կարապի լճի տարածքում կայացավ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Փառատոնը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, հետևել փառատոնի ընթացքին ու ֆիքսել հետաքրքիր պահերը: 20 տաղավարում ներկայացված էին բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող 10 ընկերություն: Գարեջրի փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցում էին նաև գարեջրատները:
Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի փառատոնը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին. «Փառատոնի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն առանձին տաղավարում անվճար լուսանկարվել ուրարտական ժամանակշրջանի կենցաղին բնորոշ կերպարներով, ինչպես նաև մասնակցել տարաբնույթ հետաքրքիր մրցույթների: Տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի՝ մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառում են ոչ ապակյա տարաներով և շուկայական արժեքից ցածր գնով, արգելվում է գարեջրի վաճառքը անչափահասներին»:

Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր տաղավարում անցկացվեց 2-3 մրցույթ՝ «Գարեջրային արագություն», «Որքան կարող ես», «Հաղթահարի 30 վայրկյանում», «Գարեջրային զույգ» և այլ անվանումներով: Հաղթողները ստացան հավաստագրեր և նվերներ Երևանի քաղաքապետրանաի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:
Գարեջրային համտեսն ու հետաքրքիր ժամանցը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար ողջ ընթացքում ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Աննա Խաչատրյանը, «Ալեքսանդրապոլ» բենդը:
Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ն: Նա իր ռիթմիկ կատարումներով բարձրացրեց գերաջրասերների տրամադրությունն ու հաղորդեց պարային տրամադրություն: Գարեջրային տոնախմբությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







