«Հարի Փոթեր»-ի աստղերից Աֆշան Ազադն ամուսնացել է իր ընկերոջ հետ, որի պատճառով ընտանիքը երես էր թեքել նրանից
«Հարի Փոթեր» ֆիլմից հայտնի դերասանուհի Աֆշան Ազադը, որը սիրված կինոնկարում մարմնավորել է Պադմա Պատիլին, օրերս ամուսնացել է երկար տարիների սիրո՝ Նաբիլի հետ։ Այս հարաբերությունների համար երիտասարդ դերասանուհուց երես էին թեքել ծնողները, իսկ նրա եղբայրը դաժան ծեծի էր ենթարկել նրան ու արդյունքում հայտնվել բանտում։
Ինչպես գրում է hellomagazine.com-ը, հարսանյաց արարողությանը ներկա են եղել նաև Ազադի գործընկերներ Բոնի Ռայթն ու Քեթի Լյունգը։
Հայտնի է, որ սիրահար զույգն այդ օրվան հասնելու համար անցել է իրական դժոխքի միջով։ Բանն այն է, որ Աֆշանը մեծացել է մահմեդական ընտանիքում, իսկ նրա ընտրյալ Նաբիլը հինդուիզմի հետևորդ է։
Դեռևս 8 տարի առաջ Աֆշանի ավագ եղբայրը հարձակվել էր այն ժամանակ դեռ 22-ամյա Աֆշանի վրա՝ սպառնալով, թե նա կմեռնի, եթե չամուսնանա մահմեդականի հետ։ Դաժան ծեծին չէին կարողացել միջամտել նույնիսկ հարազատները, ավելի ուշ հայրն աղջկան սպառնացել էր, որ եթե վերջինս շարունակի շփվել Նաբիլի հետ, նրան կուղարկեն հայրենի Բանգլադեշ ու բռնի կերպով կամուսնացնեն մահմեդականի հետ, իսկ դերասանուհու մայրը մարմնավաճառ էր անվանել դստերը։
Նույն երեկոյան Աֆշանը փախուստի էր դիմել հայրական տնից, իսկ նրա եղբայրը ստիպված էր եղել 6 ամիս անցկացնել բանտում։
Ինչպես երևում է՝ զույգը տարիների ընթացքում հաղթահարել է բոլոր խոչընդոտներն ու հասել բաղձալի օրվան՝ ամուսնանալով գեղեցիկ հարսանյաց արարողությամբ։ Իսկ թե ինչպիսի հարաբերությունների մեջ է այժմ Աֆշանն իր ընտանիքի հետ՝ հայտնի չէ, գրում է լրատվամիջոցը։














