Խորեն Լևոնյանն ու Խորեն Աբրահամյան կրտսերը առաջին անգամ միասին կխաղան հեռուստասերիալում

16:33 • 22.08.18

 

Սեպտեմբերի 3-ից Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի 16 մասանոց նոր հեռուստասերիալ «Փողոցի շները» խորագրով։

 

Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանն առաջին մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life–ին։ Հեռուստանովելի ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Դանիել Հարությունյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Աղասարյանը։

 

Հեռուստանովելի գլխավոր հերոսին մարմնավորում է Խորեն Աբրահամյանը։ Հերոսուհին` Դայան Սանդսը Փարիզից եկել է Երևան հատուկ այս նախագծում նկարահանվելու համար։ Ռեժիսորի ընտրությունը կանգ է առել Դայանի վրա, քանի որ, ըստ նրա, դերասանուհին լավագույնս կարող էր ներկայանալ այս կերպարում։

 

 

Ֆիլմում խաղում են Խորեն Լևոնյանը, Սամվել Սարգսյանը, Արաքսյա Մելիքյանը, Գևորգ Գրիգորյանը և այլք։ Ի դեպ, Խորեն Աբրահամյանի թոռները` Խորեն Լևոնյանն ու Խորեն Աբրահամյան կրտսերն առաջին անգամ են միասին ներկայանալու որևէ նախագծում։

 

Պրոդյուսերի խոսքով` հոգեբանական թրիլլերի հիմքում չարի ու բարու հավերժական կռիվն է։ Խորեն Լևոնյանի կերպարը` Ռոբը, հակասական կերպար է` իր  բարի և չար կողմերով։ Խորեն Աբրահամյանի կերպարը` Դավիթը, ծնողազուրկ երեխա է, որին Ռոբը վերցրել է իր խնամակալության տակ։ Ռոբը զբաղվում է մութ գործերով՝ իր հանցագործ գործողությունների մեջ ներգրավելով ու օգտագործելով այն տղաներին, որոնց վերցրել է փողոցից և խնամակալություն ստանձնել: Թե ինչ զարգացումներ է ունենում հեռուստասերիալը, ստեղծագործական թիմը չի բացահայտում, սակայն խոստանում է դինամիկ, սրընթաց գործողություններով հարուստ, հոգեբանական խոր դիալոգներով հագեցած ֆիլմ։