«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին
Աշնան սկզբին Հայաստանում հումորային տոն է սպասվում. Comedy Club–ն առաջին անգամ ամբողջական կազմով է գալիս Երևան։ Սեպտեմբերի 15-ին և 16-ին ակումբի փառատոնը կկայանա մեր մայրաքաղաքում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սա նշանակում է, որ ТНТ–ի աշնանային եթերները կնկարահանվեն Երևանում և այստեղի հանդիսատեսն առաջինը կգնահատի Comedy Club–ի նոր ծրագիրը։
Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել շոումեն, պրոդյուսեր, Comedy Club–ի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանի հետ, որն իրեն բնորոշ հումորով և ոգևորությամբ պատմել է Երևանում սպասվող միջոցառման մասին։
Comedy Club-ի նկարահանումները տարբեր քաղաքներում անցկացնելու գաղափարը վաղուց կա։ «Մոսկվան Comedy Club–ի օրորոցն է, սակայն տարվա մեջ մեկ անգամ մենք մեկնում ենք ոչ պակաս հրաշալի քաղաքներ։ Արդեն ունեցել ենք սուպերհաջող եթերներ Յուրմալայից, Սոչիից, Կազանից։ Հերթը Երևանինն է»,– ասաց Գարիկը։

Պարզվում է` փորձառու հումորիստը երևանյան ելույթներին փոքր–ինչ անհանգստությամբ է սպասում։ Ասում է` հայրենի քաղաքում ելույթը յուրատեսակ քննություն է լինելու։
«Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի Երևանում ելույթ ունենալը։ Հայ հանդիսատեսը հրաշալի է հասկանում հումորից, այդ իսկ պատճառով Comedy Club–ի ելույթը Երևանում իր տեսակի մեջ ստեղծագործական քննություն է ինձ համար։ Շատ եմ ուզում Երևանից մեկնել այն զգացողությամբ, որ մենք հաջողել ենք և ամեն ինչ արել 5+-ի»,– ընդգծեց նա։
Յուրաքանչյուր երկիր ունի մենթալիտետային իր առանձնահատկությունները։ Հայ հանդիսատեսը ոչ միայն պահանջկոտ է, այլև ունի հումորային իր ճաշակը։ Չնայած Երևանում նկարահանվելու է Comedy Club–ի հեռուստատեսային տարբերակը, որը նախատեսված չէ միայն հայերի համար, այստեղ կլինեն նաև տեղայնացված հումորներ։ Ավելին, հայ հանդիսատեսին լավ ճանաչելու համար Պավել Վոլյան հուլիսին 2 օրով եկել է Երևան։
«Իհարկե, լինելու են շատ հումորներ տեղական թեմաներով։ Մենք պատրաստել ենք հատուկ ծրագիր երևանյան հանդիսատեսի համար։ Մեր քաղաքի մասին իր մոնոլոգը գրելու համար Պաշա Վոլյան նույնիսկ ժամանել է Երևան, ուսումնասիրել այն»,– շեշտեց Գարիկը։

Comedy Club–ի փառատոնը Երևանում կանցկացվի քաղաքի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում։ Սա ավելի է ոգևորում ակումբի անդամներին։
«Մեր սիրելի ու հարազատ Երևանը դառնում է 2800 տարեկան։ Այս տոնը չէր կարող անցնել մեր կողքով, մենք էլ չէինք ցանկանա անցել նրա կողքով։ Մենք հպարտ ենք և շատ ուրախ, որ Երևանի 2800–ամյակի միջոցառումների շրջանակում Երևանում կհնչի նաև Comedy Club–ի ուրախ նոտան,– ասաց նա, ապա կատակեց,– Սա պատմական իրադարձություն է։ Ինչպես գիտեք, Comedy Club–ի ամբողջական կազմով Երևանի 2700–ամյակին ելույթ ունենալ չհաջողվեց, քանի որ Խարլամովը գերի էր Ավստրո–հուգարական կայսրությունում, իսկ ես ու Վոլյան հանդիպման էինք Բոնչ–Բրուևիչի հետ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք մեր փառատոնը հետաձգել մինչև 2800–ամյակ»։
Չնայած երկար տարիների գործունեությանը` Comedy Club–ն առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցավ 2016-ին։ Հումորիստն ասում է՝ այն ելույթը հաշվի մեջ չէ։ «Այն ժամանակ ուղղակի համերգներ էին, առանց հրավիրված աստղերի և հեռուստատեսային նկարահանման։ Իսկ հիմա Երևանում կլինի Comedy Club–ի հեռուստատեսային ամբողջական տարբերակը,– ասաց նա, ապա շեշտեց, որ Երևան են գալիս առանց բացակաների,– Կլինեն բոլորը, նույնիսկ Վադիկ Գալիգինը»։
Ըստ Գարիկի` Երևանում բոլորից շատ սպասում են USB խմբին, որը շատ սիրված է տեղի լսարանի կողմից։
![]()
Միջոցառման տոմսերի արժեքը 15000-150000–ի սահմանում է։ Շատերը քննարկում են, որ դրանք այնքան էլ մատչելի չեն։ Գարիկից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել տոմսերի գինը, ի՞նչ է կարծում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը բավականին մեծ թվով հանդիսատես է տեղավորում, լեփ–լեցուն կլինի՞։
«Այս խնդիրը միշտ հետապնդում է մեզ այլ քաղաքներում փառատոն և նկարահանում անցկացնելիս։ Կազմակերպիչները Մոսկվայից դեկորացիաներ, լույս, ձայն են բերում, նկարահանող խմբի 340 անդամ է ժամանում տվյալ քաղաք, ահա թե ինչու տոմսերը, ցավոք, չեն կարող էժան լինել,– պարզաբանեց նա, ապա հումորով հավելեց,– Եթե անշլագ չլինի, ինքներս կգնենք մնացած տոմսերն ու համերգասրահում կնստեցնենք մեր բարեկամներին, ընկերներին։ Տարբերակը մշակված է, արդեն 15 տարի է` Մոսկվայում այդպես ենք անում»։
Ակումբի անդամները Երևան կժամանեն սեպտեմբերի 6-ին, այստեղից կհեռանան սեպտեմբերի 18–ին։ Գարիկը վստահ է` կհասցնեն և՛ աշխատել, և՛ զբոսնել, լավ ժամանակ անցկացնել։
Հումորիստի համար Հայաստանում այցելելու սիրելի վայրեր շատ կան, սակայն «պարտադիրների» ցանկը գլխավորում է Էջմիածինը, ուր նա կուղղորդի Comedy Club–ի անդամներին։ «Կարծում եմ` առաջին տեղում Վաղարշապատն է` սուրբ Էջմիածինը, մեր հոգևոր կենտրոնը, միլիոնավոր հայերի համար ամենակարևոր տեղը Հայաստանում։ Այն տեսնելուց հետո հյուրերը կարող են հաճույքով այցելել և ուսումնասիրել Հայաստանի մյուս հրաշալի քաղաքները»,– նկատեց շոումենը։







