Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

19:01 • 27.08.18

 

Սեպտեմբերի 2-ին մեկնարկում է Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանը։ Ունկնդիրներին կներկայացվեն ոչ միայն արդեն հայտնի, այլև նոր նախագծեր։ Պրոդյուսեր Էդուարդ Այանյանը Tert.am Life–ին պատմել է իրենց 3 նոր նախագծի մասին և հայտնել, որ նոր եթերաշրջանում փորձելու են իջեցնել Հանրայինի ունկնդիրների տարիքային շեմը։ Նրանք նպատակ ունեն Հանրային ռադիոն դարձնել ավելի արդի և ժամանցային` չկորցնելով բովանդակությունը։

 

Ավետ Բարսեղյանի «Անկոչ հյուրը»

 

Չնայած Ավետը երիտասարդ է, Հանրային հնաբնակներից է։ Նա այնտեղ է աշխատում ավելի քան 15 տարի։ Էդուարդը հայտնեց, որ Ավետ Բարսեղյանի նոր հաղորդման գաղափարն իրենն էր, սակայն Ավետն այնպես է իրականացնում այն, որ դարձրել է հեղինակային։

 

«Հենց  Ավետը դա կարող էր անել այս հաղորդումը, քանի որ այն հիմնված է իմպրովիզացիայի  վրա։ Ավետը հյուրընկալում է հայտնի, հետաքրքիր մարդկանց, որոնք պատրաստ են ոչ ֆորմալ զրույցի և անում հարցազրույցներ, որոնց թեման ոչ ինքը գիտի, ոչ էլ հյուրը։ Թեման որոշվում է նախապես ընտրված երգերի միջոցով։ Հյուրը պատահականության սկզբունքով ընտրում է երգն ու որևէ տող։ Տվյալ տողն էլ դառնում է իրենց զրուցի թեման առաջիկա 5-6 րոպեում, հետո երգը փոխվում է։ Ծրագրի վերջում այլ բաժին էլ ունենք, հյուրը զանգում է իր ընկերներից մեկին ու խոսում երգի արտահայտություններով, որևէ այլ բան ասելու իրավունք  նա չունի։  Երեկոյան հավես, զվարճալի զրույց է ստացվում, որը, կարծում եմ, հետաքրքիր է լինելու»,– ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ արդեն հյուրընկալել են Հրաչուհի Ութմազյանին,  Գրիշա Աղաջանյանին, Արսենին, Սարգիս Մնոյանին և այլ հետաքրքիր մարդկանց։

 

 

«Առավոտը Հանրայինում»

 

Էդուարդը հայտնեց, որ Հանրայինի առավոտյան ծրագրի ձևաչափն ամբողջությամբ փոխել են։ Ունեն երիտասարդ նոր հաղորդավարներ` Համլետ Առաքելյանը, Անահիտ Բեկյանը, Էդգար Բարսեղյանը, Հրաչուհի Բարսեղյանը, Վեգա Անդրեասյանը և Սևակ Հակոբյանը։ Պրոդյուսերը խոստանում է հետաքրքիր առավոտներ իրենց եթերում։

 

«Հիմա ավելի մեծ կազմ է աշխատում հաղորդման վրա։ Մեր լրագրողներից մեկն աշխատում է դրսում և ամեն օր երևանյան սրճարաններից մեկից ուղիղ միացում է ունենալու։ Նոր խորագրեր ունենք, որոնք ավելի հագեցած են դարձրել առավոտյան ծրագիրը։ Այն ավելի դինամիկ է դառնում։ Հնչեցնելու ենք նաև լավ երաժշտություն, խոսելու ենք արդիական թեմաներից։ Ծրագիրը շատ ավելի ժամանցային է դառնում»,– ասաց նա։

 

 

«Խոսում է Երևանը» Սարգիս Նաջարյանի և Մայրանուշ  Գրիգորյանի հետ

 

Հանրայինի հնաբնակներ Սարգիս Նաջարյանն ու Մայրանուշ Գրիգորյանը նոր նախագծում կներկայացնեն իրենց հիշողությունները։ «Խոսում է Երևանը»  կպատմի Հնարային  տարբեր նախագծերի կուլիսներում մնացած հետաքրքիր պատմությունները։

 

«Սարգիս Նաջարյանն ու Մայրանուշ Գրիգորյանը մեր եթերի վետերաններն են։ Շատ անմիջական են և հետաքրքիր հիշողություն ունեն ռադիոյի պատմությունից։ Երբ իրենք  հանդիպում են, վերջին տասնամյակներից հետաքրքիր պարտություններ ենք լսում նախկին հաղորդումների մասին։ Արխիվում բազմաթիվ հայտնի հաղորդումներ կան, որոնց հետ կապված հետաքրքիր պատմությունները բազմաթիվ են։ Նրանք յուրահատուկ լեզու են գտել, թե ինչպես կարելի է դա պատմել։ Լուրջ խոսակցությունը համեմվում է սրամտություններով։ Ինչ–որ առումով սա երևանյան վերհուշ է, որը նվիրված է մեր  հաղորդումներին»,– ասաց նա։

 

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում