Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում
Առաջին եթերաշրջանի բարձր վարկանիշից հետո էկրաններ է վերադառնում երգչուհու երազանքով գյուղից քաղաք եկած Նարեի պատմությունը: Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօրվանից հեռուստադիտողները կարող են հետևել 25 մասանոց` «Դեպի երազանք 2» նոր հեռուստասերիալին: Փորձություններ, մեղադրանքներ, անկնկալ որոշումներ. այս ամենը խոստանում է դիտարժան րոպեներ, հետաքրքիր զարգացումներ նաև հեռուստասերիալի երկրորդ մասում:
Սա առաջին դեպքն է, երբ «Արմենիա Պրեմիումի» 25 մասանոց նախագծերից որևէ մեկն ունենում է 2–րդ մաս։ Ինչպես ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, նախագծի 2-րդ մասի նկարահանումը պայմանավորված էր հեռուստադիտողների մեծ հետաքրքրությամբ և պահանջարկով:
«Դեպի երազանքի» երկրորդ մասի հիմքում դրված է նոր պատմություն, որը հեռուստադիտողներին կստիպի ուշադրությամբ հետևել հեռուստասերիալի ընթացքին: Կարեն Ասլանյանի և Քրիստինա Եղոյանի կերպարների շուրջ ձևավորված սիրո պատմությունը երկրորդ եթերաշրջանում այլ զարգացում կունենա։ Նոր եթերաշրջանը կսկսվի շրջադարձով, քանի որ Կարեն Ասլանյանը չի նկարահանվելու նախագծում։ Հեռուստադիտողները կհետևեն Ալեքսանդր Բաբասյանի և Քրիստինա Եղոյանի սիրային պատմությանը։

«Մենք հասկացանք, որ նոր դերասանը չպետք է մարմնավորի նույն հերոսին։ Պատմությունը սկսվում է նրանով, որ Նարեն կորցրել է ամուսնուն` Արմանին։ Նոր հերոսին մարմնավորում է Ալեքսանդր Բաբասյանը։ Կարծում եմ` հեռուստադիտողները նրան նորովի բացահայտելու հնարավորություն կունենան։ Նկատել եմ, որ նրան հիմնականում բացասական կերպարներում են նկարահանում, հանրային ընկալումը բացասական կերպարով է։ Կարծում եմ` բավականին հետաքրքիր է նրան տեսնել դրական հերոսի մարմնավորելիս»,– նշել էր նախագծի պրոդյուսերը:
Քանի որ Կարեն Ասլանյանի կերպարային գիծը փակվել է, ավարտվել են նաև նրա հերոսին առնչվող հերոսների կերպարային գծերը։ Այս եթերաշրջանում չեն նկարահանվի Յուլյա Ֆինկը, Արմեն Պետրոսյանի դուստրը` Մարիան, Շուշան Երիցյանը և այլք։ Հեռուստասերիալում հանդես կգան նաև նոր դերասաններ՝ պայմանավորված նոր կերպարների ներգրավմամբ: Հեռուստանովելի նոր կերպարների դերակատարներից են Ալեքսանդր Բաբասյանը, Նաիրա Մովսիսյանը, Ալիսա Մելիքսեթյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։












