Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը երեկ նշել է ծննդյան 32–ամյակը: Երգչուհին ասում է, որ սիրում է ծննդյան օրը, սակայն վերջին տարիներին դադարել է այն տոնի վերածել և անցկացնում է սովորական օրերի նման: Այդուհանդերձ, անակնկալների պակաս այս տարի նույնպես չի եղել:
Աստղիկը Tert.am Life-ին է տրամադրել տարեդարձի օրվա լուսանկարներից և պատմել գեղեցիկ օրվա ու ստացած անակնկալների մասին: Նա նշեց, որ առաջին շնորհավորանքը և անակնկալը քույրիկի կողմից է ստացել. «Առավոտյան, երբ դեռ քնած էի, քույրիկս գեղեցիկ ծաղկեփնջով, ծննդյան տորթով արթնացրեց ինձ և շնորհավորեց»:
Երգչուհու խոսքով, տարեդարձի հետ կապված որևէ խնջույք չէր ծրագրել, սակայն գեղեցիկ օր է ունեցել. «Հատուկ նշել չեմ սիրում և վաղուց դադարել եմ ծննդյանս օրերը հատուկ նշել։ Ամեն ինչ թողնում եմ տվյալ պահի տրամադրությանը, նախապես որևէ բան չեմ պլանավորում, և ստացվում է ավելի լավ տոն»,-ասաց նա և ավելացրեց, որ տարեդարձի երեկոն անցկացրել է քույրիկի հետ՝ երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ անակնկալները շարունակվել են. «Ակամայից, երեկ անակնկալները շատ էին: Երեկոյան ռեստորաններից մեկում ընթրելիս, ռեստորանի անձնակազմը ջութակահարի ուղեկցությամբ նվագեցին հատուկ ինձ համար՝ մատուցելով մոմով աղանդեր և շնորհավորեցին տարեդարձս նման գեղեցիկ կերպով»։

Աստղիկի խոսքով, անակնկալները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Նրան գեղեցիկ կերպով են շնորհավորել նաև ընկերուհիները. «Ուշ երեկոյան, երբ վերադարձա տուն, ինձ այցելեցին ընկերուհիներս: Նրանք ինձ ծաղկեփնջով սպասում էին մեր բակում: Նրանց հետ մեր տանը տարեդարձս շարունակվեց: Հետո, երբ դուռը բացեցի, որ ճանապարհեմ ընկերուհիներիս, հայտնաբերեցի ևս մեկ անակնկալ ՝ գեղեցիկ մեծ ծաղկեփունջ դրված մեր տան դռան դիմաց՝ երկրպագուներիս կողմից»,-ասաց նա:
Եվս մեկ տարով մեծանալը երգչուհու համար երբևէ տխրելու առիթ չի դառնում. «Դարձա 32, մնաց մոտ 68 տարի :): Իհարկե, կգերադասեի, որ լիներ հակառակը՝ 23, բայց ես հավատացած եմ, որ ամեն տարիք էլ իր հետաքրքրություններն ունի և վերջապես այդ թվերը պայմանականություններ են։ Մարդ այնքան տարեկան է, որքան ինքն իրեն զգում է հոգեպես։
Շատերը ծննդյան օրը օգտագործում են նախորդ տարին ամփոփելու և արածն ու չարածը վերլուծելու համար: Այս տեսանկյունից, Աստղիկը նկատեց, որ հագեցած տարի է ունեցել: «Իմ այս տարվա ձեռքբերումները քիչ չեն եղել, բայց հուսամ որ հաջորդն ավելի արդյունավետ տարի կլինի»,-եզրափակեց նա:











