«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

16:19 • 06.09.18

 

Հուզմունք, ծիծաղ, դինամիկ զարգացումներ. այս ամենը մեկտեղված է դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» նոր ներկայացման մեջ: Սեպտեմբերի 19-ին Կոնստանտին Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա ներկայացման պրեմիերան: Երկու գործողությամբ տրագիկոմեդիան բեմադրված է ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Նիլ Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» պիեսի հիման վրա: Tert.am Life-ի հետ զրույցում ներկայացման բեմադրող ռեժիսոր Արման Նշանյանը որոշ սյուժետային բացահայտումներ է արել, խոսել դերասանների հետ աշխատանքի մասին:

 

Ներկայացումը  պատմում է կյանքում հանդիպող դժվարությունների և դրանց նկատմամբ մեր վերաբերմունքի մասին: Այդ ամենը ներկայացվում է ամուսնական զույգի միջոցով: Ռեժիսորի խոսքով, հայտնի պիեսը շատ չի փոփոխվել, պարզապես այն հարմարեցված է հայկական իրականությանն ու մտածելակերպին. «Ներկայացումն այն մասին է, որ կյանքը ինչ-ինչ դժվարություններ է ներկայացնում մարդկանց, և մենք կարող ենք թույլ տալ, որ կա՛մ այդ դժվարությունները, կյանքի այդ պատրանքը մեզ տանեն, կա՛մ քայլ անենք և թույլ չտանք, որ դրանք ազդեն մեզ վրա, լավատես լինենք ու հաղթահարենք այդ դժվարությունները, որոնք իրականում պատրանք են: Դա ներկայացվում է ամուսնական զույգի մջոցով, որոնք արդեն մի քանի տարի է ամուսնացած են և փորձում են այդ դժվարություններից դուրս գալու լուծում գտնել, այլ կերպ ասած՝ լույս գտնել մթությունից»:

 

 

Գլխավոր դերերում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանն ու Սաթենիկ Հախնազարյանը:  Ներկայացման մեջ ընդգրկված են ևս երեք դերասան՝ Ռոբերտ Հակոբյանը, Նաիրա Շահիրյանը, Մարգարիտա Շահվալադյանը: Նկարչական ձևավորման և բեմական զգեստների հեղինակը Արև Պետրոսյանն է, երաժշտական ձևավորումն արել է Վահե Գրիգորյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանն է, ում մտահղացումն է եղել մի գեղեցիկ նախագծի շուրջ համախմբել Արման Նշանյանին ու Մկրտիչ Արզումանյանին: Արմանը նշեց, որ ներկայացում իրականացնելու որոշումը դեռ մեկ տարի առաջ են ունեցել: Թիմային աշխատանքում, ռեժիսորի խոսքով, հստակ դերաբաժանում կա, ինչի շնորհիվ համատեղ աշխատանքը ցանկալի արդյունք է տալիս. «Ես իմ ռեժիսորական խոսքն եմ ասում, իրենք՝ պրոդյուսերական և այդպես գալիս ենք ընդհանուր հայտարարի»:

 

Ռեժիսորը հատկապես կարևորեց դերասանների հետ աշխատանքը, որն այս դեպքում, նրա խոսքով, ևս ստացվել է: Նա նշեց, որ ներկայացման մեջ հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին կտեսնի բոլորովին նոր դիտանկյունից՝ նաև ոճային առումով:

 

 

«Կարելի է ասել, որ ոճապես սա Մկոյի համար դեբյուտային է: Կարծում եմ, որ բավականին զարմացած կլինի հանդիսատեսը: Նա շատ տաղանդավոր դերասան է, շատ ունիվերսալ և այստեղ բոլորովին այլ կերպ է ներկայանում: Ես մեծ բավականություն եմ ստանում թե՛ նրա, և թե՛ Սաթենիկի հետ աշխատանքից և ընդհանրապես բոլոր դերասաններից շատ գոհ եմ: Ուրախ եմ, որ հենց իրենք են ընտրված և պատիվ ունեմ իրենց հետ աշխատելու»,-ասաց ռեժիսորը:

 

Արմանի խոսքով, հանդիսատեսին սպասվում են դիտարժան րոպեներ, որոնք նրան կստիպեն և՛ ծիծաղել, և՛ հուզվել և որ ամենկարևորն է՝ սեփական եզրահանգումն անել կարևոր հարցերի շուրջ: «Շատ դժվար է կոմեդիայի միջոցով ստեղծել խորություն, իսկ Նիլ Սայմոնը հանճարեղ դրամատուրգ է և լավագույնս կարողանում է դա անել: Ինձ համար որպես բեմադրիչ ամենակարևորը այն է, որ ներկայացումը լինի խորիմաստ: Դիտելուց հետո այն հանդիսատեսի մոտ պետք է ինչ-որ բան թողնի այսպես ասած իր վճարած գումարի դիմաց, մի լուսավոր կետ, որ կհեշտացնի, կթեթևացնի նրա կյանքը: Արվեստի իմաստը, ի վերջո հենց դա է, որ փորձենք մարդկանց օգնել մեր գործով, որպեսզի իրենց միայանակ չզգան, տխուր չլինեն և հասկանան, որ երկրագնդի վրա բոլոր մարդիկ էլ նույն խնդիրներով են տառապում, մեկը մի քիչ շատ, մյուսը՝ քիչ, բայց այդ ամենը հաղթահարելի է»,-եզրափակեց ռեժիսորը: